Մատչելիության հղումներ

Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարին


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում, 16-ը հոկտեմբերի, 2015թ․
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում, 16-ը հոկտեմբերի, 2015թ․

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի՝ Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:

Ինչպես հաղորդում են ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Շարմազանովը նշել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, պատրաստ է սերտորեն համագործակցել գործընկերների հետ՝ ի նպաստ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների ապահովման:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ անցյալ ամիս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է լարվածության աճի միտում:

«ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն արձանագրել է, որ Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: ԱԺ փոխնախագահը կարևորել է ՀԱՊԿ ԽՎ գործընկերների կողմից Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման դատապարտումը: Զրուցակիցներն անընդունելի են համարել հակամարտությունների լուծման ուժային մեթոդները»,- նշված է ԱԺ փոխնախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG