Մատչելիության հղումներ

logo-print

Դողու Փերինչեք․ «Մենք մեղադրում ենք իմպերիալիզմին»


Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեք

Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեք

Եվրոպական դատարանը 2015 թվականի հոկտեմբերի 15-ին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռ կայացրեց՝ հօգուտ թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի, ով հանդես էր եկել Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարություններով: «Ազատություն»-ը Ստամբուլում զրուցել է Փերինչեքի հետ, ով ժամեր առաջ է վերադարձել Ստրասբուրգից։

«Ազատություն»․ - Պարոն Դողու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ որոշում կայացրեց ձեր օգտին: Այս կապակցությամբ դուք հայտարարեցինք, որ այսպիսով վերջ դրվեց Հայոց ցեղասպանության հարյուրամյա ստին: Ի՞նչ է սա նշանակում, վերջ է դրվել ցեղասպանության հարցի քննարկմա՞նը, թե՞ դրա ժխտումը քրեականացնող օրենքներին:

Փերինչեք․ - Նախ ուզում եմ նշել, որ այս դատը ոչ թե ես, այլ բոլորս ենք շահել, քանի որ հաղթել է ազատությունը, այսինքն բոլորը ցանկացած հարցի շուրջ կարող են ազատ արտահայտվել, սա շատ կարևոր է: Ցեղասպանությունը ընդունողները և ժխտողները ազատորեն կարող են քննարկել այս հարցը, այդ պատճառով էլ հաղթել է ազատությունը: Մեր հայ եղբայրները ևս հաղթել են, մենք չենք ասում, որ մենք հաղթեցինք, իսկ նրանք պարտվեցին: Այս դատական գործը մենք երբեք չենք տարել մեր հայ եղբայրների դեմ: Եթե ուշադրություն դարձնենք, սա իմպերիալիստական սուտ է և մենք մեղադրում ենք իմպերիալիզմին: Թուրքիայում կամ մեկ այլ տեղ հայերի, սփյուռքի դեմ ուղղված դիրքորոշում չենք ներկայացրել: Այս հանգամանքը շատ լավ արձանագրվեց դատարանի կողմից: Նշվեց, որ Դողու Փերինչեքը հայերի նկատմամբ ոչ մի ատելություն, թշնամություն և խտրական մոտեցում չունի: Կցանկանայի, որ Հայաստանի ժողովուրդը, մեր եղբայրները հատկապես լսեն սա:

«Ազատություն»․ - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման վերաբերյալ արդյո՞ք կարող ենք ասել, որ դատարանը ժխտում է Հայոց ցեղասպանությունը և արդյունքում Շվեյցարիան ստիպված է լինելու փոխել այս օրենքը:

Փերինչեք․ - Շվեյցարիան ստիպված կլինի փոխել այս օրենքը: Շվեյցարիայում երկու օրենք կա, մեկը Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածն է, որտեղ խոսվում է ընդհանրապես ցեղասպանության մասին, հայոց ցեղասպանություն եզրույթը չի կիրառվում: Շվեյցարիայում 2008 թվականից ի վեր այս հարցը քննարկման առարկա է: Նշվում է, որ այս օրինագիծը չի կարելի կիրառել Հայոց ցեղասպանության համար և այդ պատճառով պետք է այն վերաձևակերպել այնպես, որ այն վերաբերի միայն հրեաների ցեղասպանությանը: Այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո Շվեյցարիան ստիպված է փոխել այս օրենքը, քանի որ դատարանի որոշումը պարտադիր է Եվրախորհրդի անդամ 42 երկրների համար: Հայոց ցեղասպանության ժխտումը խոսքի ազատության շրջանակներում է և որևէ պետություն չի կարող պատժել այն ժխտողին: Սա վերաբերում է նաև Ֆրանսիային, որի Սահմանադրական դատարանը ևս նմանօրինակ որոշում է կայացրել: Այժմ Շվեյցարիան կփոխի այս օրենքը:

«Ազատություն»․ - Դուք ասում եք, որ ցեղասպանությունը միջազգային, իմպերիալիստական սուտ է: Արդյո՞ք շարունակելու եք ձեր գործունեությունը այս ուղղությամբ և ժխտելու եք ցեղասպանությունը միջազգային հարթակներում:

Փերինչեք․ - Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այս հանգամանքի վրա: Մենք ընդգծում ենք, որ ցեղասպանությունը իմպերիալիստական սուտ է, իմպերիալիստների սուտը: Մենք հայերին վիրավորող ոչ մի բառ չենք ասում, այս պայքարը տանում ենք իմպերիալիստ պետությունների դեմ, այլ ոչ թե հայերի: Ոչ հայերը, ոչ էլ հայկական սփյուռքը մեր թիրախը չեն, մեր թիրախը 1915 թվականին այս սուտը հորինած իմպերիալիստ պետություններն են: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այս հանգամանքի վրա: Երկրորդ հարցը՝ դուք ասում եք արդյո՞ք շարունակելու եմ ժխտել ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանություն չի եղել, այդ պատճառով դրա ժխտման մասին խոսք չի կարող լինել: Իհարկե, մենք շարունակելու ենք ժխտել Հայոց ցեղասպանության եղելությունը:

«Ազատություն»․ - Դուք հայ ժողովրդին որպես թշնամի ե՞ք ընդունում կամ դուք հայերի թշնամի՞ն եք:

Փերինչեք․ - Վստահաբար հայերին որպես թշնամի չեմ ընկալում: Դա ամոթալի բան է մեզ համար: Դատարանի որոշման մեջ էլ ասվում է տեսեք, որ Դողու Փերինչեքը հայերի թշնամին չէ: Հայերի նկատմամբ թշնամություն, ատելություն չի տածում, հայերին նվաստացնող, վիրավորող ոչինչ չի ասում: Դատարանի որոշումը արձանագրում է, որ ես մեղադրում եմ իմպերիալիզմին, այլ ոչ թե հայերին:

Դողու Փերինչեքի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հոկտեմբերի 18-ին՝ «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG