Մատչելիության հղումներ

Մարցի բնակիչների վատագույն կանխատեսումներն իրականացել են


Գյուղացիների վատագույն կանխատեսումները, թե երրորդ ՀԷԿ-ի շահագործման հետևանքով Մարց գետը կցամաքի, իրականություն են դարձել

Գյուղացիների վատագույն կանխատեսումները, թե երրորդ ՀԷԿ-ի շահագործման հետևանքով Մարց գետը կցամաքի, իրականություն են դարձել

Գյուղապետի հաշվարկներով, Մարց գետը մոտ 70 տոկոսով ցամաքել է։ Այժմ էլ այստեղ ոսկու հանք բացելու ծրագիր են կյանքի կոչում: Վտանգի տակ են հայտնվել 800 հա տարածքով անտառներ, խոտհարքներ ու արոտավայրեր:

Մեկ տարի առաջ իրենց համայնքի բնությանը սպառնացող վտանգի դեմ պայքարող՝ Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները հաշտվել են իրենց պարտության հետ։

Մարցեցիներն անցած տարի ընդդիմանում էին նույնանուն՝ Մարց գետի վրա 3-րդ ՀԷԿ-ի կառուցմանը՝ ամեն կերպ փորձելով կանգնեցնել շինարարությունը։ Անգամ գյուղ հասցված խողովակները գլորեցին ձորը, բողոքի տարբեր ակցիաներ անցկացրին, բաց նամակներ հղեցին։

Սակայն, նրանց հնչեցրած մտահոգություններն ու գործողությունները անարձագանք մնացին: ՀԷԿ-ը կառուցվեց։ Մարցեցի Քյարիմը պայքարի առաջին շարքերում էր: Նա նաև «վերևներին» ուղղված նամակի տակ 360 ստորագրություն դրածներից մեկն է։

«Միլիցիայով էլ են եկել տանս քուլփաթիս հարցրել... ասել ենք՝ դեմ ենք... 50 հոգի եկան Երևանից, էլի ասինք դեմ ենք... բայց սարքեցին»,- պատմում է Քյարիմը։

Գյուղացիները մտավախություն էին հայտնում, որ արդեն 3-րդ ՀԷԿ-ի գործունեության հետևանքով Մարց գետը կցամաքի։ Մեկ տարի անց գյուղացիների կանխատեսումներն իրականացել են։

«Հմի մենք ջուր չունենք, որ ջրով ամենահարուստ գեղն ենք էլել», «Գյուղերից գալիս էին, լողանում, խմում, հանգստանում, հմի բարակել ա, կեղտոտ ջուր ա մնացել...»,- ասում են նրանք:

80-ամյա Ջհան Ոսկանյանը, ով մի քանի տարի առաջ տեղական իշխանության ներկայացուցիչ է եղել, առաջարկել է՝ եկեք գյուղով հավաքվենք, վարկ վերցնենք ու որպես գյուղի սեփականություն, մենք կառուցենք ՀԷԿ-ը։ Բայց, վստահ է. Հայաստանում բնական ռեսուրսների հաշվին շահութաբեր բիզնեսը սովորական բնակչին բաժին չի հասնի։

«Հմի եթե մեր գյուղը կազմակերպել էր, ու էդ վարկը մեզ էին տվել, հետո մենք փակվել էինք, ու էդ ԳԵՍ-ը մեզ էր մնացել, մեր հետագա սերունդը կգիդենար, որ օրական գյուղը փող ա մտնում։ Կթողեի՞ն մեզ։ Դա օլիգարխների գործ ա, մեր գործը չի»։

Մարցեցիները մինչև այսօր էլ չեն հասկանում, թե ինչպես մարեց իրենց պայքարը։ Մարց գետի վրա կառուցված երրորդ ՀԷԿ-ի սեփականատեր՝ «Մարց Էներջի» ընկերությունն ու տնօրեն Լեռնիկ Սիմոնյանն այդ ինչպես արդյունքի հասան։

«Սարքեցին ու կարացին, արին։ Թե ոնց արին, թե ով արավ...»,- տարակուսում է Ջհան Ոսկանյանը: Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Սարգիս Մկրտչյանը հավելում է՝ «Ժողովրդին փայ չմնաց, ժողովուրդն ինքնըստինքյան պայքարից դուրս եկավ»:

Մարցի գյուղապետի հաշվարկներով, Մարց գետը 70 տոկոսով ցամաքել է։ Բայց ՀԷԿ-ի սեփականատերը 11 մարդու աշխատատեղով է ապահովել, ստացած էլեկտրաէներգիայով էլ լուսավորվել է գյուղի կենտրոնական փողոցը։ Գյուղացիներին, սակայն, դա չի գոհացնում։ «Բերել ա 3 հատ լիս ա դրել, թող գոնե ասեր՝ մի տարի ձեր լիսը ձրիա»։

Գյուղապետը վստահեցնում է, թե սեփականատերը տեղական բյուջեն համալրելու խոստում էլ է տվել, չնայած դեռ չի կատարել։ «Դե երևի դեռ ֆինանսական չի դզվել, բայց ասել են տարեկան միլիոն, միլիոնուկես... դա քիչ գումար չի»,- մանրամասնում է գյուղապետը:

Մարցում երրորդ ՀԷԿ-ի կառուցումից հետո այժմ էլ մի նոր ծրագիր է նշմարվում։ Այստեղ ոսկու հանք բացելու մտադրություն ունի «Վիկտորյա-Սիլվեր» ընկերությունը, որն արդեն լեռնահետախուզական աշխատանքերի թույլտվություն է ստացել գյուղապետից, ավագանու 5 անդամից ու մեկ բնակչից։

Դա համարվել է հանրային լսումների դրական եզրակացություն։ Ընկերությունն արդեն իրականացրել է իր ուսումնասիրություններն ու արդյունքների մասին տեղեկացրել գյուղապետ Ռոբերտ Գալստյանին։ ««Վիկտորյա-Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրենի հետ եղել ա հանդիպում, ընդեղ տվել ա, որ 11 տոկոսանոց ոսկու հանք կա։ Նու, դա լավ ցուցանիշ ա»։

Գյուղապետին ներկայացրած փաստաթղթի հիման վրա, ընկերությունը պատրաստվում է վարձակալել Մարց և Լորուտ գյուղերին պատկանող 800 հա տարածքով անտառներ, խոտհարքներ ու արոտավայրեր։ Այդ տարածքում այժմ անասնապահությամբ են զբաղվում։ Բայց ցամաքող գետի համար պայքարած գյուղացիներն այսօր արդեն կողմ են արտահայտվում ոսկու հանքի շահագործման ծրագրին: Կամ էլ ասում են, որ պայքարն անիմաստ է: «Ավելի լավ ա էդ հանքավայրը բաց անեն, էլի իրանց ուզածն անելու են պրծնեն»։

XS
SM
MD
LG