Մատչելիության հղումներ

Տրվեց Վերադարձի փառատոնի մեկնարկը


Փառատոնը 8 տարի առաջ հիմնադրել են Մարիամ Շահինյանն ու Գարիկ Ղազարյանը:

Վերադարձի փառատոնը նպատակ ունի հայ երաժշտասերներին այստեղ՝ հայրենիքում ներկայացնել Հայաստանից ինչ-ինչ պատճառներով հեռացած և այլ երկրներում բնակություն հաստատած երաժիշտ կատարողներին, ինչպես նաև սփյուռքահայ երաժիշտներին:

Այսօր հրավիրած ասուլիսում Մարիամ Շահինյանն ազդարարեց Վերադարձի 8-րդ փառատոնի մեկնարկը․ հոկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոյանի ղեկավարությամբ: Մենակատարների թվում է նաև անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը:

«Յուրահատուկ փառատոն է, որի նմանը աշխարհում չկա, և վաղուց ի վեր նշանակալի երևույթ է մեր երաժշտական կյանքում: Գաղափարը այս փառատոնի ծնվել է ժամանակի թելադրանքով և պարագաների բերումով, որ մեր երաժիշտներից շատերը տարբեր առիթներով՝ սովորելու և այլն, գնացել են Հայաստանից, և այս փառատոնը հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք վերադառնան Հայաստան և ներկայանան մեր ունկնդիրն՝ գուցեև յուրօրինակ հաշվետվությամբ: Սա մեկ կողմն է: Եվ երկրորդը, որը ես շատ ավելի եմ կարևորում․ որպեսզի չկտրվի իրենց կենսագրականը կապված հայրենիքի հետ, լինի միշտ շարունակական», - նշեց Նավասարդյանը:

Փառատոնի բացման համերգի ընթացքում, ի թիվս այլ ստեղծագործությունների, հնչելու է Տիգրան Մանսուրյանի «Ֆանտազիա դաշնամուրի և լարայինների համար» ստեղծագործությունը, որի կատարմանը մասնակցելու են նաև արտասահմանում ապրող հայ երիտասարդ երաժիշտները:

«Պարզվում է, որ առանձնահատուկ երաժշտական կարողություն ունեցող ազգ ենք հայերս, շատ նվիրված երաժշտությանը: Տարբեր երկրներում շատ են մերոնք: Եվ լավ է, որ կա այս փառատոնը: Մեծ առաքելություն ունի․ միայն գեղագիտական վայելքի հնարավորություն չէ սա, նաև շատ հեռահար և բեղմնավոր երաժշտական քաղաքականություն՝ դեպի Հայաստան մեր տաղանդավոր երաժիշտներին ուղղված կոչ: Դեպի Հայաստան, դեպի հայ ունկնդիր, դեպի արմատներ, դեպի հիմք: Մարդը հարուստ է իր արմատներով: Ինչքան մենք ամուր ենք կապված մեր արմատներին, այնքան մեր թռիչքը բարձր է, այնքան բովանդակություն ունի», - նշեց Տիգրան Մանսուրյանը:

Փառատոնը կտևի մինչև նոյեմբերի 7-ը, և փառատոնի շրջանակներում տեղի ունեցեղ յուրաքանչյուր համերգ առանձնահատուկ բնույթ է ունենալու:

Օրինակ, ինչպես շեշտում է փառատոնի հիմնադիր նախագահ Մարիամ Շահինյանը, այս տարի վերջապես կարողացել են իրականացնել տարիներ շարունակ փայփայած իրենց երազանքը․ - «Ստեղծվել է «Վերադարձ» անունով կվինտետ, որտեղ ազգությունները երաժիշտների շատ տարբեր են: Երկուսն են միայն հայ՝ Լիլիթ Գրիգորյանը և Դավիթ Գրիգորյանը: Կլինի նաև ազգությամբ ճապոնացի Տոմոկո Ակասական՝ ալտահարուհի, և երկու ֆրանսիացիներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG