Մատչելիության հղումներ

Արձագանքելով ենթադրություններին, թե հնարավոր է, որ խոցված ինքնաթիռը ռուսական լինի, ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է՝ Սիրիայում մարտական առաջադրանք կատարող ռուսական բոլոր ինքնաթիռները վերադարձել են բազա:

Թուրքական օդուժի ինքնաթիռները հարձակում են գործել Սիրիայի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտած՝ դեռևս չճանաչված ինքնաթիռի վրա և խոցել են այն, հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ սահմանախախտ ինքնաթիռը խոցվել է երեք անգամ նախազգուշացվելուց հետո միայն: Գլխավոր շտաբը նաև հավաստիացնում է, որ Թուրքիայի օդային սահմանը խախտելու բոլոր փորձերն այսուհետ ևս վճռականորեն կասեցվելու են:

Ենթադրությունները, թե հնարավոր է, որ թուրք - սիրիական սահմանին խոցված ինքնաթիռը ռուսական լինի, ավելի ուշ հերքել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ՝ գեներալ Իգոր Կոնաշենկովը, պատասխանելով «Զվեզդա» հեռուստաընկերության հարցերին:

«Սիրիայում մարտական առաջադրանք կատարող ռուսաստանյան բոլոր ինքնաթիռներն իրենց առաջադրանքները կատարելուց հետո վերադարձել են բազա, որևէ պատահար չի գրանցվել նաև ռուսական անօդաչու թռչող սարքերի գործունեության ընթացում»,- հայտարարել է Կոնաշենկովը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի օդային տարածք երկու անգամ ներխուժել էին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական օդուժի ինքնաթիռները, ինչին անմիջապես հետևել էր ինչպես Անկարայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի կտրուկ արձագանքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, թե Հյուսիսատլանտյան դաշինքը կպաշտպանի իր ցանկացած անդամի, ցանկացած վտանգից։ Ստոլտենբերգը նաև նշել էր, թե ՆԱՏՕ-ն պատրաստ է համապատասխան ուժեր տեղակայել Թուրքիայի օդային սահմանը պաշտպանելու համար։

Չէր ուշացել նաև Ռուսաստանի արձագանքը: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ Անկարայում Ռուսաստանի դեսպանը հիշյալ խնդրի հետ կապված կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: «Դեսպանին նոտա է հանձնվել, որտեղ հիշատակվում են հստակ փաստեր, մենք կուսումնասիրենք այդ փաստերը»,- ասել էր Դմիտրի Պեսկովը:

Ոշագրավ է, որ սահմանախախտման հիշյալ փաստերից հաշված օրեր անց թուրքական օդուժի ուղղաթիռները երկու անգամ հատեցին ՀԱՊԿ անդամ հանդիսացող Հայաստանի օդային սահմանը, որն, ինչպես հայտնի է, միջպետական պայմանագրի համաձայն, հսկվում է ռուսական զինուժի կողմից:

Տեղական և միջազգային որոշ փորձագետներ համոզմունք էին հայտնել, որ հակառակ թուրքական կողմի պաշտոնական հավաստիացման, դա արվել է միտումնավոր և որոշակի պատասխան - դեմարշ է Ռուսաստանի գործողություններին:

XS
SM
MD
LG