Մատչելիության հղումներ

logo-print

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ դեկտեմբերի 6-ին նշանակված Սահմանադրական հանրաքվեն ապօրինի է, արդյունքներն էլ՝ ի սկզբանե անվավեր, քանի դեռ Գագիկ Հարությունյանը հրաժարական չի տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից:

Ընդդիմադիրների համոզմամբ, սահմանադրական փոփոխությունների համահեղինակ Գագիկ Հարությունյանը չի կարող անաչառ քննել հանրաքվեի արդյունքները վիճարկող դիմումը, եթե որևէ քաղաքական ուժ նման դիմում ներկայացնի:

«Պատկերացրեք ֆուտբոլի դաշտ, որտեղ խաղում է երկու թիմ, և դատավորը խաղում է թիմերից մեկի օգտին: Ոչ միայն գոլ է խփում, պաս է տալիս, այլ նաև ընդունում է դատավորի որոշումներ», - ասում է խորհրդարանական ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակն աննախադեպ է, երբ նախագահի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը ղեկավարում է երկրի բարձրագույն դատարանի նախագահը:

«Նա ակտիվորեն պրոպագանդել է դա՝ կատարելով այցելություններ մարզեր, համոզելով հայ ժողովրդին, որ այս անցումը դեպի խորհրդարանական համակարգ բխում է Հայաստանի շահերից», - ասում է Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսում համոզված են, որ միայն Գագիկ Հարությունյանի գործոնը բավարար է քվեարկությունից երկու ամիս առաջ արդեն պնդելու, որ այն կեղծված է, հատկապես, որ Լևոն Զուրաբյանի խոսքով, Սահմանադրական դատարանի ղեկավարը նաև անձնական շահագրգռվածություն ունի այստեղ․ - «2018 թվականին լրանում է նրա յոթանասունամյակը և դրանից հետո, համաձայն սահմանադրության, չի կարող այլևս մնալ Սահմանադրական դատարանի նախագահ: Իր համար մի լավ գործ են գտել՝ դա Հայաստանի նախագահի գործն է այս նոր Սահմանադրության նախագծով»:

Լևոն Զուրաբյանն ասում է՝ սա է պատճառներից մեկը, որ Գագիկ Հարությունյանը խախտել է Սահմանադրության պահապանի իր առաքելությունն ու լծվել փոփոխությունների քարոզչությանը: Ինքը՝ Հարությունյանը, ավելի վաղ հակադարձելով «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մտավախությանը, թե ողջամիտ կասկած կա, որ Սահմանադրական դատարանի նախագահը, միաժամանակ գլխավորելով մասնագիտական հանձնաժողովը, կարող է չլինել օբյեկտիվ ու անաչառ, ասել էր, թե դա անհիմն կասկած է, քանի որ մասնագիտական հանձնաժողովն իր աշխատանքն արդեն ավարտել է:

«Հասկացանք, բայց նախագիծը ինքն է գրել, հեղինակել է, ինքը պրոպագանդել է հօգուտ այդ նախագծի: Սա արդեն կատարված փաստ է՝ արձանագրված բազմաթիվ տեսագրություններով: Հիմա ինչպե՞ս կարող է, ըստ էության «այո»-ի օգտին ագիտացիայով զբաղված մարդը անաչառ կերպով քննել բողոքները՝ կապված կեղծիքների հետ», - հարցնում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Գագիկ Հարությունյանն իր անաչառության մասին վկայող մեկ այլ փաստարկ էլ էր բերել․- «Ես ամեն օր եմ աշխատում Սահմանադրության հետ և Սահմանադրության տարբեր հոդվածների վերաբերյալ տասնյակ հոդվածներ ունեմ հրատարակած և գրքեր: Դա մասնագիտական աշխատանք է: Դրանք տարբեր բաներ են»:

«Ոչ ոք չի մեղադրում Գագիկ Հարությունյանին նրա մեջ, որ ինքը զբաղվում է Սահմանադրությամբ ամեն օր: Եթե ինքը չի հասկանում անգամ մեղադրանքի էությունը, դա էլ է արդեն շատ վատ: Բայց այստեղ հիմա կոնկրետ հարց ենք դնում՝ այս հանրաքվեն ի սկզբանե նրանք կեղտոտել են այդ հանգամանքով և սրա պատասխանը պետք է տան: Սրա պատասխանը միակն է՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականը», - հակադարձում է Լևոն Զուրաբյանը:

Առաջին անգամը չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու թիմակիցները կասկածի տակ են դնում Գագիկ Հարությունյանի օբյեկտիվությունը: Դեռ 2008-ին Տեր-Պետրոսյանը որպես նախագահի թեկնածու էր դիմել Սահմանադրական դատարան:

«Սերժ Սարգսյանը չէր կարող լինել և՛ նախագահի թեկնածու, և՛ համատեղել դրա հետ վարչապետի պաշտոնը: Գագիկ Հարությունյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը կատարեց ամենաապշեցուցիչ խախտումը դատական պրակտիկայում՝ ընդհանրապես չանդրադարձավ այդ փաստարկին, որը արդեն նշանակում է, որ մենք դատարանի հետ գործ չունենք», - նշում է Լևոն Զուրաբյանը:

Նույն թեմայով

XS
SM
MD
LG