Մատչելիության հղումներ

logo-print

Ֆուտբոլասերները պահանջներ են ներկայացնում ՀՖՖ-ին


FAF-ի հիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանը:

FAF-ի հիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանը:

FAF ակումբի անդամները նախազգուշացնում, որ իրենց պահանջները չբավարարելու դեպքում կպահանջեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

«Պահանջում ենք մարզիչ» կարգախոսով Հայաստան - Ալբանիա վերջին խաղին եկած ֆուտբոլի հավաքականի երկրպագուներն այժմ նոր պահանջներ են ներկայացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայն (ՀՖՖ) և նախազգուշացնում, որ դրանք չբավարարելու դեպքում բողոքի ակցիաներից կսկսեն և կպահանջեն նաև ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

«Բոլորս տեսնում ենք, որ մեռնում է հայկական ֆուտբոլը․․․ և մեռնում է FAF-ը [Ֆուտբոլասերների Առաջին հայկական ճակատը]», - ասաց Սերգեյ Ջանջոյանը:

«Եվրո 2016»-ի ընտրական փուլում մեր ազգային ընտրանին առաջ անցավ միայն ֆուտբոլում մինչև այժմ գրեթե ոչնչով աչքի չընկած Անդորրայի, Ջիբլարթարի և Սան Մարինոյի հավաքականներից։ Ազգային հավաքականի այս ձախողումը երկրպագուները կապում են ՀՖՖ-ի կայացրած որոշումների հետ, ու Հայրապետյանից նախևառաջ օտարերկրյա մարզիչ պահանջում՝ «մարզիչ, ով անցել է ճանապարհ»:

FAF ակումբում նաև պնդում են, որ աշխարհի առաջատար երկրներում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներից շատերը Հայաստանի հավաքական չեն հրավիրվում․ - «Այն ֆուտբոլիստները, ովքեր տարբեր կոնֆլիկտների պատճառով մինչև այսօր չեն հրավիրվել հավաքական, մի կողմ դրվելով բոլոր ամբիցիաները, հրավիրվեն, նրանց հնարավորություն տրվի, որ օգնեն մեր ընտրանուն»:

Ռուբեն Հայրապետյանը, թեև պատասխանեց «Ազատության» հեռախոսազանգին, սակայն հրաժարվեց պատասխանեց որևէ հարցի՝ վրդովվելով, որ զանգահարել ենք իր անձնական հեռախոսին․ - «Արդեն զզվեցրել եք ինձ: Ես մեկն եմ, ամբողջ հանրապետությունում հազարավոր լրագրողներ: Ով չի ալարում, լրագրող ա դառնում»:

Հավաքականի՝ սեփական դաշտում անցկացրած վերջին հանդիպումներն աչքի ընկան նաև կիսադատարկ տրիբունաներով, ինչը, ըստ երկրպագուների, ուղղակիորեն ազդում է թիմի բարոյահոգեբանական վիճակի վրա։ FAF ակումբի անդամները վստահ են, ազատ աթոռների պատճառը ոչ այնքան հավաքականի ցածր խաղամակարդակն է, որքան տոմսերի բարձր գինը (4 հազար դրամ և ավելի)։

Ալբանիայից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո միջազգային մամուլում հայտնվեցին լուրեր, թե Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներ կաշառք էին ստացել։ ՈՒԵՖԱ ուղարկած մեր հարցմանը ստացված պատասխանում հստակ չի նշվում, թե արդյոք այս հարցով հետաքննություն ընթանում է:

ՀՖՖ-ն ևս չի մեկնաբանում՝ պնդելով, թե կարձագանքեն միայն, երբ նպատակահարմար գտնեն։

XS
SM
MD
LG