Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանի օդային սահմանը հատելու միջադեպին


Հայ ազգային կոնգրեսը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները, «որոնք ոտնահարում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, խախտում այդ երկրների ստանձնած պարտավորությունները», և մտահոգություն հայտնել «Հայաստանի իշխանությունների վախվորած և ոչ համարժեք արձագանքների կամ դրանց բացակայության կապակցությամբ»:

Հիշեցնենք, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4 րոպե տևողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։

Իր այսօրվա հայտարարությունում ՀԱԿ-ը երկկողմ հարաբերությունների պատմության մեջ սա աննախադեպ իրադարձություն է որակել։

«Հոկտեմբերի 6-ին Հայաստանի օդային սահմանի խախտումը թշնամաբար տրամադրված պետության ռազմական ուղղաթիռի կողմից չի ստացել Հայաստանի պատկան մարմինների համապատասխան գնահատականը, ինչին հետևեց հայկական օդային տարածքի երկրորդ խախտումը: Նույնիսկ երկրորդ միջադեպից հետո Հայաստանի պատկան մարմինները` կառավարությունը, պաշտպանության նախարարությունը և արտգործնախարարությունը հանդես չեն եկել դատապարտող հայտարարություններով», - ասված է հայտարարությունում:

ՀԱԿ-ը նշել է, որ իշխանությունները չեն կարող հաշվի չառնել, որ Հայաստանի օդային սահմանների խախտումները տեղի են ունենում նույն երկրի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակման, կոշտ հռետորաբանության պայմաններում:

«Այլ առիթներով արագ արձագանքող և նախազգուշացնող հայտարարություններով հանդես եկող Հայաստանի պաշտպանության նախարարությունը ընդունել է այնպիսի կեցվածք, կարծես որևէ միջադեպ չի եղել: Սա մտահոգիչ դիրքորոշում է՝ հաշվի առնելով այն, որ թուրքական կողմը տեղի ունեցածի կապակցությամբ անգամ ներողություն կամ ափսոսանք չի հայտնել», - հայտարարել է ՀԱԿ-ը՝ նշելով. - «Ինչպես սեպտեմբերյան օրերին, «երբ գնդակոծվում էր Հայաստանի տարածքը Նոյեմբերյանի շրջանում՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի, այնպես էլ այսօր, Հայաստանի հանրությանը չեն տրամադրվում լիարժեք տեղեկություններ, թե արդյոք Հայաստանը բարձրացնում է Ադրբեջանի և այսօր արդեն Թուրքիայի կողմից սահմանների խախտումների հարցը գործընկերների հետ հանդիպումներին, ՀԱՊԿ և ԵԱՀԿ շրջանակներում»:

Ըստ ընդդիմադիր կուսակցության, «ավելի քան անհասկանալի է, երբ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ ագրեսիայի ակնհայտ հատկանիշներ ունեցող գործողությունը Հայաստանի արտգործնախարարությունը ներկայացնում է որպես հրադադարի խախտում»:

«Նման պայմաններում զարմանալի չէ, որ անվտանգության կազմակերպություններից և ոչ մեկը հանդես չի եկել Ադրբեջանի և Թուրքիայի` ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող գործողությունները դատապարտող, կամ առնվազն գնահատող հայտարարություններով: Նման իրավիճակը վկայություն է կա՛մ Հայաստանի դիվանագիտության անգործության, կա՛մ Հայաստանի այնաստիճան հեղինակազրկման, երբ գործընկերները անտեսում են ներկայացված բոլոր փաստերը: Հայաստանի, ինչպես նաև գործընկեր երկրների ու անվտանգության միջազգային կազմակերպությունների լռությունը կարող է սխալ ազդակ ծառայել Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություն իրականացրած երկրների համար», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG