Մատչելիության հղումներ

Ուկրաինան ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ


Ըստ «Ասոշիեյթիդ Փրես»-ի, Ուկրաինան դիվանագիտական միջազդային հարթակ է ստանում քաղաքական պայքար մղելու Ռուսաստանի դեմ։

Ուկրաինան ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ՝ երկու տարի ժամկետով։ Ուկրաինան նաև մանդատ է ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնելու Արևելյան Եվրոպան։

«Ասոշիեյթիդ Փրես»-ը նշում է, որ Ուկրաինան դիվանագիտական միջազդային հարթակ է ստանում քաղաքական պայքար մղելու Ռուսաստանի դեմ Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի անջատականներին աջակցելու հարցերում՝ կանխատեսելով, որ ամենայն հավանականությամբ թեժ վիճաբանություններ են սպասվում, երբ Անվտանգության խորհրդում Ուկրաինան արդեն տեղ զբաղեցնի մշտական անդամ Ռուսաստանի կողքին։

«Սա շատ կարևոր օր է Ուկրաինայի և ՄԱԿ-ի համար, որովհետև Ուկրաինան պայքարում է Ռուսաստանի ագրեսիայի դեմ», - ասել է Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը՝ նշելով. - «Ընտրություններն ապացուցում են միջազգային հանրության համերաշխությունը Ուկրաինայի հետ, և Ուկրաինան դրանից հպարտ է»։

«Ռուսաստանը գաղտնի հակաքարոզչություն է տարել Ուկրաինայի թեկնածության դեմ՝ իրենց անունը չհրապարակելու պայմանով», - ասել են դիվանագետները։ Բայց 193 ձայների պահանջվող երկու երրորդը Ուկրաինան հեշտությամբ ապահովել է՝ ստանալով 177 կողմ քվե։

Սակայն ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինն ասել է, թե քվեարկության արդյունքները սպասելի էին, որովհետև առաջադրված հինգ երկրներից բացի, այլ թեկնածուներ չեն եղել։

Մոսկվայի առաջին արձագանքները նշանակություն չեն տալիս Ուկրաինայի այդ կարգավիճակին։ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը երեկ լրագրողներին ասել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելը Ուկրաինայի հաղթանակը չէ՝ ո՛չ դիվանագիտական, ո՛չ էլ քաղաքական։ Նրա խոսքով, դա հերթականության դրված սովորական ռոտացիոն կարգ է։ ՄԱԿ-ի ոչ մշտական անդամները ռոտացիոն կարգով փոխվում են։

Ուկրաինայից բացի ոչ մշտական անդամ են ընտրվել նաև Եգիպտոսը, Ճապոնիան, Սենեգալը, Ուրուգվայը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընտրված հինգ նոր երկրների լիազորությունները ուժի մեջ կմտնեն 2016 թվականի հունվարի 1-ից։ Նրանք ոչ մշտական անդամի կարգավիճակով կգործեն 2016-2017 թվականների ընթացքում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կազմված է 15 անդամներից, որոնցից հինգը՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մշտական անդամի կարգավիճակ ունեն՝ վետոյի իրավունքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG