Մատչելիության հղումներ

Յունկերը պատմական է որակում Լեհաստանի և Բալթյան երկրների միջև գազատար կառուցելու մասին համաձայնագիրը


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր, արխիվ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր, արխիվ

«Դուք վերջ դրեցիք Բալթյան տարածաշրջանի երկարամյա կախվածությանը միակ ներկրողից՝ ռուսական «Գազպրոմ»-ից», - ասել է եվրահանձնաժողովի նախագահը։

Նոր գազատար Եվրոպայում։ Լեհաստանի և Լիտվայի միջև շուրջ 500 կիլոմետր երկարությամբ գազատար կառուցելու նպատակը Ռուսաստանից Բալթյան երկրների էներգետիկ կախվածության թուլացումն է։

Նախօրեին Լեհաստանի և Բալթյան երկրների միջև գազատար կառուցելու մասին ստորագրված համաձայնագիրը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բնորոշել է, որպես «պատմական համաձայնագիր»։

Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի ղեկավարները երեկ Բրյուսելում կնքեցին 558 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր, որը ենթադրում է դեպի Բալթիկ ծով ելք ունեցող այս երկրների միջև գազային հաղորդակցություն, ինչը թույլ կտա նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։

«Այսպիսով դուք վերջ դրեցիք Բալթյան տարածաշրջանի երկարամյա կախվածությանը միակ ներկրողից», - հայտարարել է Յունկերը՝ համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Պաշտոնական տվյալներով, Եվրամիությունն այս նախագծի համար հատկացրել է շուրջ 300 միլիոն եվրո։

Ըստ Եվրահանձնաժողովի, ավելի քան 500 կիլոմետր երկարությամբ այս գազատարը կդառնա առաջինը, որը մերձբալթյան երկրներին կկապի Եվրամիության մյուս երկրների հետ։

Գազատարի կառուցման մեկնարկը կտրվի 2016 թվականին, այն պետք է ավարտին հասցվի 2019 թվականին։ Սպասվում է, որ Եվրոպայից Լիտվա հասնող գազից կարող են օգտվել նաև Լատվիան ու Էստոնիան։

Ինչպես հայտնի է, Բալթյան երկրներն ամբողջովին կախված են ռուսական «Գազպրոմ»-ից, խոսքը հատկապես Ռուսաստանի սահմանակից Ֆինլանդիայի մասին է։

«Ենթադրվում է, որ մոտ ապագայում ֆինները նույնպես կօգտվեն կառուցվելիք գազատարից, երբ դրան միանա արդեն հարևան Էստոնիան», նշում է France-presse-ը։

XS
SM
MD
LG