Մատչելիության հղումներ

logo-print

Աբրահամյանի ապագա կուսակցությունը «իշխանական պրոյեկտ» են համարում. ՀՀԿ-ն հերքում է


Գործարար Արա Աբրահամյանը (աջ) Գիտությունների ազգային ակադեմիայում, 14-ը հոկտեմբերի, 2015թ.

Գործարար Արա Աբրահամյանը (աջ) Գիտությունների ազգային ակադեմիայում, 14-ը հոկտեմբերի, 2015թ.

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կիսում հնչող կարծիքները, թե Արա Աբրահամյանի ապագա կուսակցությունը «իշխանության պրոյեկտն է»։

«Դա վիրավորական է նաև կուսակցության կազմող անձնավորության համար, որովհետև ստվեր են գցում այդ մարդկանց վրա, թե նրանք ինքնուրույն չեն, այլ ինչ-որ պրոյեկտներ են»,- ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը։

Երեկ հրավիրած ասուլիսում Աբրահամյանն ինքն էր ասում՝ կուսակցություն ստեղծելու դեպքում մյուս ուժերին չի քննադատելու, իշխանափոխություն չի ուզում, իր ծրագրերն էլ հասցրել է քննարկել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ստացել նրա հավանությունը։

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը կարծում է՝ իշխանության համաձայնությունը չլիներ, Արա Աբրահամյանի քաղաքական հավակնությունների մասին չէինք լսի։

«Հնարավոր է, որ օգտագործվի որպես կեղծ ընդդիմադիր, ինչ-որ մի բուֆեր իշխանության և հասարակության միջև»,- կարծում է Մեհրաբյանը։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն արդեն կանխատեսում է՝ Արա Աբրահամյանի կուսակցությունը թերևս զբաղեցնի Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանի» տեղը.- «Էլեկտորատը, որը որոշակիորեն ռուսամետ է, ուժեղ, ֆինանսապես հզոր կառույցի կարիքն է զգում... այդ դաշտը որոշակի վերահսկողության տակ պահելու համար իշխանություններին նման քաղաքական ուժ անհրաժեշտ կլինի»։

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ Արա Աբրահամյանի համար աշխատանքի պարարտ հող կա, ասաց՝ կան կուսակցություններ, որոնք ցանկանում են հանդես գալ կառուցողական դաշտում՝ ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն լինել։

«Ողջունում եմ բոլոր այն մարդկանց, որոնք ցանկանում են մեր քաղաքական դաշտը հարստացնել»,- ասաց նա։

Արա Աբրահամյանը երեկ խուսափեց բացահայտել ապագա կուսակցության գաղափարախոսությունն ու արտաքին կողմնորոշումը՝ հայտարարելով, թե բոլորի հետ են աշխատելու։ Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն, այնուհանդերձ, կարծիք հայտնեց՝ այն հայկական փաթեթավորմամբ բացահայտ ռուսական ուժ է լինելու։

«Այս ուժը հավակնում է դառնալ քաղաքական դաշտի սպառնալիքներից մեկը՝ ռուսական ազդեցությունն ուժեղացնելու նախ և առաջ, բայց նաև ուղղակի դեգրադացնելու ընդհանրապես հայաստանյան քաղաքականությունը, այսինքն քաղաքական միտքը վերափոխել դրամի մի պարկով»։

Երեկվա ասուլիսում Ռուսաստանի հայերի միության նախագահը ընդգծված պատկառանքով արտահայտվեց Ռուսաստանի նախագահի մասին, Պուտինը միշտ ճիշտ է, ասաց, նաև չհրաժարվեց հայտարարությունից, թե ինքը ռուս է։ Հայազգի գործարարն անգամ բացատրեց՝ ինչ է նկատի ունեցել։

«Այո, իհարկե, ես ռուս եմ, եթե Ռուսաստանում եմ ապրում... գիտեք՝ ի՞նչ է նշանակում ռուս լինելը, դա չի նշանակում ազգություն, դա ոնց որ ամերիկացի»,- հստակեցրեց Աբրահամյանը։

«Ես դեմ եմ այդ բոստանային քաղաքականությանը, որ սկսում ենք ազգը պառակտել՝ ռուսական, պրոարևմտյան և այլն։ Եթե քաղաքական ուժը մտավ քաղաքական դաշտ ու ունեցավ «պրո» բառը, արդեն իսկ այդտեղ թերություն կա։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է գործի, պայքարի հանուն իր երկրի զարգացման»,- նշեց Հանրապետական խմբակցության ղեկավար Բաղդասարյանը։

Հայաստանի ինքնիշխանության կողմնակից ընդդիմադիրներին ոչ օգնելու, ոչ էլ, Մարտիրոսյանի կարծիքով, խանգարելու է Արա Աբրահամյանի մուտքը.- «Խանգարել չի կարող մի պարզ հանգամանքով, որ ընդդիմություն չի լինելու, իսկ ռուսական դաշտին առավել մեծ նպաստում չի կարող ունենալ, որովհետև իշխանությունները ամբողջովին ռուսական ազդեցության տան են և նույնիսկ Ռուսաստանի իշխանությունների քմահաճույքները ամբողջովին կատարում են»։

XS
SM
MD
LG