Մատչելիության հղումներ

logo-print

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ցույցից հետո աշխատանքից զրկված Գագիկ Գալստյանի, Սևակ Հովհաննիսյանի և Անդրանիկ Գևորգյանի հայցը Մետրոպոլիտենում աշխատանքի վերականգնվելու վերաբերյալ:

Նույն դատարանը նաև մասնակի բավարարեց Մետրոպոլիտենի հայցը՝ զրկելով նախկին աշխատակիցներին աշխատանքի չվերականգման դիմաց հատուցում ստանալու իրավունքից:

Ամիսներ առաջ կայացրած վճռում առաջին ատյանի դատարանն անհիմն էր համարել ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող այս մարդկանց աշխատանքից հեռացնելու հրամանները: Վերաքննիչն այսօր բեկանեց նաև այս վճիռը:

Մետրոպոլիտենի ղեկավարությունը չի մեկնաբանում դատարանի որոշումը, լրատվական բաժնից հայտնում են միայն, որ բավարարված են:

Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների համար վճիռը շոկային էր․ դատարան էին եկել աշխատանքի վերականգնվելու հույսով, սակայն զրկվեցին ոչ միայն դրանից, այլև փոխհատուցումից:

«Արդար վճիռ չէր, անհասկանալի բաներ են կատարվում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեցին նախկին աշխատակիցները, - «Պետք է այդ հրամանները չեղյալ համարել, վերացնել այդ հրամանը մեր աշխատանքային գրքույկից»:

Դատարանի վճռով, փաստորեն, ուժի մեջ է մնում Գագիկի, Անդրանիկի և Սևակի աշխատանքային գրքույկներում դրոշմված հիմնավորումը՝ աշխատողի նկատմամբ վստահության կորուստը: Նաև այդ ձևակերպման պատճառով չեն կարողանում նոր աշխատանք գտնել:

«Հենց առաջին օրվանից, երբ իրենց ազատել են, արդեն իսկ ինձ մոտ կար կասկած, որ դա արվել է քաղաքական նկատառումներից ելնելով: Ընթացքում, քանի որ արդեն իրավական դաշտ է մտել դա ու իրենց հիմքերը, որոնց հիման վրա իրենց ազատել են, չեն համապատասխանում՝ ասենք հաստիքացուցակի փոփոխություն և այլն: Այդ հիմքով չեն իրենց ազատել գործից: Թքած կպցրած է այդ ամեն ինչը, արհեստական իրենք բերել են հանգեցրել են պատասխանողի կողմից բերված փաստարկների», - ասում է կուտակայինի դեմ պայքարող «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչ, իրավաբան Մարիանա Քալեջյանը ու պնդում՝ այս «խայտառակ» վճիռը զրոյի հավասարեցրեց առաջին ատյանի դատարանում տարված թեկուզ փոքր հաղթանակը:

Գագիկը, Անդրանիկը և Սևակը ընկճված, սակայն մարտական են տրամադրված․ պատրաստ են կորցնել նույնիսկ հարկադիր պարապուրդի համար վճարվելիք գումարը, եթե Վճռաբեկում Մետրոպոլիտենի ղեկավարությունը դա էլ պահանջի, սակայն չեն դադարեցնելու պայքարը և անցնելու են բոլոր դատական ատյաններով:

XS
SM
MD
LG