Մատչելիության հղումներ

Նրանց հարազատները, ովքեր բողոքի ցույց են անցկացնում Կառավարության շենքի մոտ, սպառնում են, որ եթե իրենց պահանջներն այս անգամ էլ անտեսվեն, նստացույց ու հացադուլ կսկսեն:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած դատապարտյալների թիվն այսօր հասել է 50-ի: Նրանց հարազատները վաղ առավոտից հավաքվել էին կառավարության շենքի առջև՝ հանդիպելու Արդարադատության նորանաշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Ցուցարարները սպառնում են, որ եթե իրենց պահանջներն այս անգամ էլ անտեսվեն, նստացույց ու հացադուլ կսկսեն Կառավարության շենքի մոտ:

Ցուցարարները պնդում են, թե իրենց հարազատներից շատերի քրեական գործերում կան երևան եկած նոր հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի նախկին որոշումների վրա։ Սակայն, ըստ ցուցարարների, դատարանները այդ ամենը հաշվի չեն առնում:

Արդեն 10 տարուց ավելի ազատազրկման մեջ գտնվող Արթուր Քոչարյանի մայրը պնդում է, որ եթե չվերացվեին գործով իրեղեն ապացույցները, գուցե իր որդին այսօր արդարացվեր: 19 տարեկանում բանակ զորակոչված Արթուրը ցմահ ազատազրկման է դատապարտվել ծառակցին սպանելու մեղադրանքով: Թեև ինքն իր մեղքը երբեք չի ընդունել:

Ակցիայի մասնակիցները նաև դժգոհում են իրենց հարազատների պահման պայմաններից, սննդից։ Նշում են, որ քրեակատարողական հիմնարկում նույնիսկ բուժօգնություն ժամանակին չի ցուցաբերվում։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը վստահ է՝ քրեական գործերը կվերանայվեն, եթե լինի քաղաքական կամք: Նա զարմանում է, թե ինչու է կառավարությունը բացառում դատական բացթողումները․ - «Նույնիսկ իշխանություններն են ընդունում․․․ Ինչո՞ւ է Հայաստանի նախագահը ընդունել 2012-16 թվականների դատաիրավական բարեփոխումներ: Ընդունում են, որ դատարանը անկախ չէ, ընդունում են նաև միջազգային կառույցների զեկույցները․․․ Արդյո՞ք Հայաստանի դատական համակարգը իդեալական համակարգ է, որտեղ սխալներ չեն լինում: Զուտ իրավական ճանապարհով գնալու մասին է խոսքը: Ես չեմ ասում մարդասիրությունը․․․ Մարդասիրությունը գիտե՞ք որը կլիներ․․․ Մարդասիրականը կլիներ, որ որոշ ցմահ ազատազրկվածների ներում շնորհվեր, ինչպես ներում շնորհվեց Սուրիկ Խաչատրյանի որդուն մարդասպանության համար․․․ Եվրոպական չափանիշ է: Շատ են, չէ՞, սիրում, հղում անել Եվրոպային: Բայց սա ճիշտ չափանիշ է․ որ ամեն դեպքում մարդ է ցմահ դատապարտվածը և նա պետք է ունենա ազատվելու հնարավորություն․․․ Հայաստանի օրենսդրությունը թույլ տալիս է, 15-20 տարի նստելուց հետո կարող է վաղաժամկետ ազատվել: Բայց դուք որևէ դեպք գիտե՞ք, որ որևէ մեկը քսան տարի հետո ազատվի: Ո՚չ»:

Ցմահ դատապարտյալների հարազատներին այսօր կառավարությունից ոչ ոք չմոտեցավ: Նրանք երթով գնացին դեպի երկրի նախագահի նստավայր՝ նամակ հանձնելու Սերժ Սարգսյանին:

Ցմահ դատապարտյալների հարազատներն ասացին, որ 2009-ին նույնպես նույն պահանջով նամակ են հանձնել ՀՀ նախագահի աշխատակազմ, որին պատասխան առայսօր չեն ստացել:

Ցուցարարները հայտարարեցին, որ եթե այս անգամ էլ իրենց նամակը 5-օրյա ժամկետում անպատասխան մնա, նստացույց ու հացադուլ կսկսեն կառավարության շենքի մոտ:

XS
SM
MD
LG