Մատչելիության հղումներ

Դատախազություն. ՄԻԵԴ-ը ամբողջությամբ բավարարեց ՀՀ պահանջները Փերինչեքի գործով


Գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյան, արխիվ

Գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյան, արխիվ

Հայաստանի դատախազությունը հաղորդագրություն է հրապարակել, որում վստահեցնում է՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվեցին Եվրոպական դատարանի կողմից»։

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» վճիռը: Նշելով, որ «գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը», դատախազությունը շարունակում է. - «Այսօր հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշեց, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյոք Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն` միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից։ Այնուհետև, դատարանի Մեծ պալատը սահմանեց, որ Եվրոպական դատարանը չունի որևէ իրավասություն` անելու իրավական հայտարարություններ այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում»:

«Դատարանը վճռում նաև արձանագրեց, որ հայերն ունեն իրենց և իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է ցեղասպանության հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը: Դատարանը նաև դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները և դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակներում: Եվ վերջապես, Փերինչեքի հետ կապված կոնկրետ գործով Եվրոպական դատարանը սահմանեց, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ոչ թե ընդհանրապես հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, այլ արձանագրեց, որ Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել շվեյցարական օրենքը: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը և դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում», - ասված է հաղորդագրությունում։

Արդյունքում, ամփոփում է դատախազությունը, «Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր պահանջները բավարարվեցին»:

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG