Մատչելիության հղումներ

logo-print

Պատգամավորին սկանդալային հարց տված ակտիվիստը պնդում է՝ ՀՅԴ-ականների կողմից բռնության է ենթարկվել


Վարդան Հարությունյան

Վարդան Հարությունյան

Երկու օր առաջ սահմանադրական բարեփոխումների հարցով քննարկման ժամանակ դաշնակցական Արծվիկ Մինասյանին սկանդալային հարց տված «Ոչ»-ի ճակատի ակտիվիստ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Հարությունյանը պնդում է, որ դաշնակցական երիտասարդների կողմից բռնության է ենթարկվել։

«Ազատության» հետ զրույցում ակտիվիստը ասաց, որ նախ իրեն զանգել և սպառնացել է դաշնակցական Գերասիմ Վարդանյանը, ինչից հետո էլ նրա հինգ ընկերները եկել են Հարությունյանի բակ։

«Բա ի՞նչ հարց ես տվել Արծվիկ Մինասյանին, ես չհասցրեցի պատասխանել, իմ վրա եկավ հարված, դրանից հետո, բնականաբար, իմ կողմից պատասխան եղավ, իրա ընկերը ինձ հարվածեց, դրանից հետո մենք մի քանի հատ հարվածեցինք, ու իրենք առանց բան ասելու հեռացան»,- պատմեց Հարությունյանը:

Հարվածողներին Հարությունյանը չի ճանաչում, ասաց, որ ներկայացել են որպես Գերասիմ Վարդանյանի դաշնակցական ընկերներ։ Ակտիվիստը բակում ընկերների հետ է եղել, վստահ է՝ եթե միայնակ լիներ, միջադեպը հարվածներով չէր ավարտվի։

Դաշնակցությունը այս հայտարարությանը առայժմ չի արձագանքում։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասաց, որ ակտիվիստի խոսքերին անլուրջ է վերաբերվում։

Բռնության ենթարկված ակտիվիստը սա քաղաքական ճնշում է համարում և վստահ է, որ պատճառը Արծվիկ Մինասյանին երկու օր առաջ տված այս հարցն էր․- «Պարոն Մինասյան, ձեր գործընկեր և գաղափարական ընկեր Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում մի անգամ Հրայր Թովմասյանին ասաց «չ....խ», չեք համարո՞ւմ, որ «չ....խ»-ի գրած Սահմանադրությանը «կողմ» քվեարկելով դուք էլ եք «չ....խ»-անում»:

«Չեմ իջնի էդ մակարդակին... Մալխասյանցի բառարանում ձեր նմանի վերաբերյալ էլ շատ բառեր կան, բայց չեն հնչեցվում։ Այլ՝ ավելի հետաքրքիր բառեր»,- ասել էր Մինասյանը:

«Ոչ»-ի ճակատը միավորած «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունից Արմեն Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրավաքաղաքական փաստաթղթի քննարկումը փողոց տեղափոխելը և բռնության միջոցով կարծիք պարտադրելը անընդունելի են համարում։

Հայ ազգային կոնգրեսից միջադեպի վերաբերյալ որևէ արձագանք չի եղել։ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հաղորդում չեն ստացել և միջադեպով չեն զբաղվում։

Ակտիվիստն իրավապահներին չի դիմել, քանի որ կատարվածն իրեն վախեցնելու չհաջողված փորձ է համարում։

XS
SM
MD
LG