Մատչելիության հղումներ

logo-print

Սաֆարյան. Իրանը հասկացնում է, որ տնտեսական կյանքում լուրջ վերադարձի հայտ է ներկայացնում


Քաղաքագետի խոսքով, առաջիկայում լինելու է շատ լուրջ մրցակցություն երբեմնի դաշնակիցների՝ Իրանի և Ռուսաստանի միջև։

Այն, որ Իրանից 40-հոգանոց պատվիրակություն է գալիս՝ բաղկացած և՛ քաղաքական, և՛ տնտեսական թևերը ներկայացնող գործիչներից, նշանակում է, որ իրանական կողմը մեծ թվով ոլորտներում ունի գաղափարներ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու և իր ներկայությունը տարածաշրջանում ավելացնելու առումով։ «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակության երեկ մեկնարկած Հայաստան պաշտոնական այցի մասին։

«Հետաքրքիր է, որ հակառակ հայկական կողմի, որը այս ամիսների ընթացքում այդպես էլ չհստակեցրեց, թե ինչպես է ինքը տեսնում Իրան - Հայաստան հարաբերությունները Իրան - աշխարհ այս շղթայում՝ որպես կարևորագույն կապող օղակ, կարծեք թե, իրանական կողմը գոնե ունի իր պատկերացումները։ Նկատելի է, որ այս համագործակցության ծրագրերի հետ կապված, սա չասեմ բացասական իմաստով, բայց, ըստ էության, ներխուժում է տարածաշրջան, որտեղ Ռուսաստանին թվում էր, թե բոլոր հարցերը լուծել է, թե ամեն ինչ իր ազդեցության տակ է», - ասաց Սաֆարյանը։

Դեռ մեկ ամիս առաջ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանի նախաձեռնությամբ ԵՏՄ-ում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմամբ:

Սաֆարյանն ամոթալի որակեց Հայաստանի այդ հայտարարությունը։ «Գնանք ԵՏՄ-ին խնդրենք, որպեսզի այնտեղ ինչ-որ մարմին ստեղծեն, որպեսզի Իրանի հետ հարաբերություններ կարգավորվեն. սա ակնհայտորեն նշանակում է տնտեսական ինքնուրույն քաղաքականություն վարելու հարցում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակվածություն, և սա նշանակում է, որ Հայաստանը իր դրկից հարևան երկրի, որը նման մեծաքանակ ծրագրերով գալիս է Հայաստան, նրա հետ պետք է կապվի Մոսկվայի միջոցով։ Իրանի այս պատվիրակության այցը նշանակում է մերժել Մոսկվայի, այսպես ասած, դոմինանտությունը, այսինքն՝ հասկացնել, որ կարող են կապ հաստատել առանց Մոսկվայի միջնորդության», - նշեց քաղաքագետը։

Ըստ Ստյոպա Սաֆարյանի, Թեհրանը հասկացնում է, որ ինքը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը և նախընտրում է բանակցությունների մեջ մտնել ուղղակիորեն Հայաստանի հետ։

«Որքանով այդ ծրագրերի իրականացմանը թույլ կտան ԵՏՄ սահմանափակումները, որովհետև մենք այժմ ցավալիորեն ունենք վերպետական մի մարմին, որը կարող է մեր փոխարեն ընդունել որոշումներ, որոնք մենք պարտավոր ենք ուղղակի կիրառել Հայաստանում, սա ժամանակը ցույց կտա, բայց մի բան ակնհայտ է, որ մենք առաջիկայում ունենալու ենք շատ լուրջ մրցակից երբեմնի դաշնակիցների միջև՝ Իրանի և Ռուսաստանի, որովհետև Իրանն իր այս այցով հասկացնում է, որ ինքը տնտեսական կյանքում լուրջ վերադարձի հայտ է ներկայացնում», - ասաց քաղաքագետը։

«Ազատության» հարցին, թե Հայաստանը որքանով կկարողանա կապող օղակ հանդիսանալ ԵՏՄ-ի և Իրանի միջև, Սաֆարյանը պատասխանեց. - «Սա մի գաղափար է, որը Հայաստանը փորձում է իրականացնել։ Առաջին հայացքից, չեմ ուզում շատ խիստ լինել, քննադատել։ Թերևս ոչինչ չի մնում այս ծանր իրավիճակում, քան մտածել դրա մասին, և պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ամենատարբեր մայրաքաղաքներում խոսում է ԵՏՄ-ի և Եվրամիության միջև կապող օղակ լինելու, այժմ էլ, փաստացի, Իրանի և ԵՏՄ-ի միջև... Պարզ ասեմ, որ գաղափարն ինքը հնարավոր է իրականացնել միայն մի դեպքում՝ եթե մի կողմից, օրինակ, Բրյուսելը որոշի, որ, այո, իրեն պետք է կապող օղակ ԵՏՄ-ի հետ»։

XS
SM
MD
LG