Մատչելիության հղումներ

logo-print

«Լևադա». Ռուսաստանցիների մեծ մասը թշնամի է համարում Արևմուտքը


Ռուսաստան - Տեսարան մայրաքաղաք Մոսկվայից, արխիվ

Ռուսաստան - Տեսարան մայրաքաղաք Մոսկվայից, արխիվ

Ըստ սոցիոլոգների՝ հակաարևմտյան, նախևառաջ հակաամերիկյան տրամադրությունները Ռուսաստանում շարունակում են աճել։

Ռուսաստանցիների մեծամասնությունը համոզված է` Արևմուտքը Ռուսաստանի թշնամին է, իսկ արևմտյան ժողովրդավարության ներդրումը երկրում կարող է կործանարար հետևանքներ ունենալ: Սա են վկայում Մոսկվայում գործող «Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքները:

Հետազոտության նպատակն էր պարզել երկրի բնակիչների մոտեցումները արտաքին քաղաքականության ասպարեզում:

Ըստ «Լևադա»-ի սոցիոլոգների` վերջին ամիսներին հակաարևմտյան, նախևառաջ հակաամերիկյան տրամադրությունները Ռուսաստանում շարունակել են աճել` հասնելով պատմական մաքսիմումի:

Այսպես, ռուսաստանցիների 71 տոկոսը համոզված է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները առավելապես բացասական դեր է խաղում: Արևմտյան առաջատար պետություններն էլ, նախևառաջ՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, միջազգային ասպարեզում Ռուսաստանի հակառակորդն են, որոնք ամեն հարմար առիթի դեպքում փորձում են վնաս հասցնել երկրին: Այս տեսակետին է հակված հարցված ռուսաստանցիների 75 տոկոսը:

Շարքային ռուսաստանցիներն առանձնապես ոգևորված չեն նաև Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություների ներկա վիճակով: «Լևադա»-ի կողմից հարցված ռուսաստանցիների միայն 7 տոկոսն է կարծում, որ այսօր Մոսկվայի և Եվրամիության հարաբերությունները բնականոն հունով են զարգանում: Հարցվածների 42 տոկոսի համոզմամբ` այդ հարաբերությունները լարված են, ևս 32 տոկոսի համոզմամբ` դրանք սառն են, իսկ ռուսաստանցիների 12 տոկոսը ընդհանրապես վստահ է, որ այսօր Մոսկվան ու Բրյուսելը թշնամական հարաբերություններ ունեն:

«Իսկ արևմտյան ժողովրդավարությունն արդյոք անհրաժեշտ պայման է Ռուսաստանի հետագա զարգացումն ապահովելու համար», - «Լևադա»-ի մասնագետների այս հարցին դրական է պատասխանել հարցվածների միայն 10 տոկոսը: Հարցման մասնակիցների 36 տոկոսի համոզմամբ՝ արևմտյան ժողովրդավարության որոշ տարրեր կարող են ներդրվել Ռուսաստանում, սակայն՝ հարմարեցված տեղական պայմաններին: Ռուսաստանցիների գրեթե կեսի` 46 տոկոսի համոզմամբ, սակայն, արևմտյան ժողովրդավարությունը կործանարար հետևանքներ կունենա ռուսական պետության համար:

«Ռուսաստանի Դաշնությանն այսօր սպառնում են բազմաթիվ արտաքին և ներքին թշնամիները», - համոզված է հարցվածների 54 տոկոսը:

Հարցված ռուսաստանցիների մոտ 30 տոկոսի համոզմամբ էլ, թշնամիների մասին առասպելը հորինել են իշխանությունները` բնակչության ահաբեկելու և արդյունավետ կերպով վերահսկելու համար:

XS
SM
MD
LG