Մատչելիության հղումներ

Օմբուսդմենն ակնկալում է, որ համարժեք գնահատական կտրվի ոստիկանության աշխատակիցների «ոչ իրավաչափ գործողություններին»


Բողոքի ակցիան խորհրդարանի շենքի մոտ: 5-ը հոկտեմբերի 2015 թ․

Բողոքի ակցիան խորհրդարանի շենքի մոտ: 5-ը հոկտեմբերի 2015 թ․

Այդ օրը, հիշեցնենք, ավելի քան երկու տասնյակ ակտիվիստներից բացի, փորձ արվեց նաև բերման ենթարկել պատգամավոր Արամ Մանուկյանին։

Կարեն Անդրեասյանի տեղակալ Արմեն Գրիգորյանը կարծում է, որ իրավապահները «սխալ են կատարել իրենց պարտավորությունները հանրային միջոցառման ժամանակ»․ - «Տեսագրությունների ուսումնասիրությամբ առանձնանում են այդ դրվագները, գործողությունները կամ վարքագծի դրսևորումները, որոնք զուտ ոստիկանի ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ համարվում են անցանկալի»:

Երևանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանը բողոքի ակցիայի ժամանակ պահանջում էր, որ ակտիվստները հեռացնեն Ազգային ժողովի ցանկապատի ճաղերից «ՈՉ» գրությամբ պաստառը, ինչին փորձում էին միջամտել Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։

Օմբուդսմենը հայտնում է, որ արձանագրել են անթույլատրելի գործողություններ նաև առանձին ոստիկանների վարքագծում. - «Հատկապես Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր պարտականությունների կատարման ընթացքում չի ցուցաբերել անհրաժեշտ զսպվածություն‚ որոշակի դեպքերում հուզական վարքագիծ է դրսևորել‚ անհարգալից է խոսել հավաքի մասնակիցների և նույնիսկ Ազգային ժողովի պատգամավորների հետ»:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից «Չե՛ք անցկանցի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը որպես միջադեպի ականատես, ավելացնում է, որ Սերժ Սարգսյանի կողմից վերջերս պարգևատրված Երևանի փոխոստիկանպետը այդ օրը գերազանցել է լիազորությունները․ - «Ոստիկանությունն իրեն ագրեսիվ պահեց՝ առանց որևէ հիմնավորման: Մենք քաղաքապետարանից թույլտվություն էինք ստացել տվյալ տարածքում իրականցնելու մեր բողոքի ակցիան»:

Ընդիդմադիր պատգամավորին բերման ենթարկելու փորձից հետո Օսիպյանը լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ ոստիկանները պարտավոր չէին Ազգային ժողովի պատգամավորին ճանաչել և անգամ առաջարկել էր, որ պատգամավորները տարբերանշան կրեն։

Օմբուդսմենի խոսնակը հիմնավոր չի համարում Օսիպյանի բացատրությունը. - «Որովհետև մինչ այդ հավաքի մասնակիցների առաջ ելույթ ունեցան պատգամավորներ՝ այդ թվում Արամ Մանուկյանը: Ի վերջո Ազգային ժողովի պատգամավորներին, առավել ևս այն պատգամավորներին, որոնք առավել ակտիվ գործունեություն են դրսևորում, կարծել, որ չգիտեին, որ նա Ազգային ժողովի պատգամավոր է, հիմնավոր չի լինի»:

Օմբուսդմենը ակնկալում է, որ Ոստիկանությունը համարժեք գնահատական կտա սեփական աշխատակիցների «ոչ իրավաչափ գործողություններին»։ Ոստիկանությունը խոստանում է առաջիկա օրերին արձագանքել օմբուդսմենի այս հայտարարությանը։

Իսկ մինչ այդ «Ազատության» հետ զրույցում Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ միջադեպի հետ կապված կատարվել է ծառայողական քննություն, այժմ էլ քննություն է ընթանում Արաբկիրի բաժնում։

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը, արձագանքելով օմբուդսմենի հայտարարությունը, ասաց, թե «համատարած ապօրինությունների պայմաններում օմբուդսմենի հայտարարությունը դրական քայլ է»:

Այդուհանդերձ, անձամբ Մանուկյանին այդ արձագանքը չի բավարարում, քանի որ «օմբուդսմենը կարող էր ավելի խիստ արտահայտվել»։

XS
SM
MD
LG