Մատչելիության հղումներ

Մենաշնորհներն ու մրցակցության պակասը մնում են «Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտները»


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիս:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիս:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսի խոսքով՝ եթե կառավարության անդամները մենաշնորհային դիրքեր ունեն, դա լուրջ խնդիր է:

Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսի ձևակերպմամբ՝ մենաշնորհներն ու մրցակցության պակասը շարունակում են մնալ Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտները:

Չնայած կառավարության նախաձեռնությամբ այս տարեսկզբին ձևավորվեց նոր հակակոռուպցիոն խորհուրդ, և վարչապետը խոստացավ «առանց կաշկանդվածության վերհանել կոռուպցիոն բոլոր ռիսկերը», Մարկ Դևիսն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան լավատեսական գնահատականներ չհնչեցրեց․ - «Ցանկացած երկրում, եթե կառավարության անդամները մենաշնորհային դիրքեր ունեն, դա լուրջ խնդիր է: Արդյո՞ք մենաշնորհները, մրցկացության պակասը խնդիրներ են հարուցում Հայաստանում: Իհարկե հարուցում են: Դա հիմնարար խնդիր է: Հնարավոր է, որ հենց դա է ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի շարունակական զարգացման ճանապարհին: Դա է պատճառը, որ մեծ ջանքեր ենք գործադրում փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտին աջակցելու ուղղությամբ, քանի որ սահմանափակ մրցակցությունը նաև ոլորտի հնարավորություններն է սահմանափակում»:

Հայաստանում ձևավորված գործարար մթնոլորտը քննադատեց նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Լյուդովիկ Չեխանովսկին․ - «Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը՝ բարելավելու երկրում գործարար մթնոլորտը, բազմաթիվ բարեփոխումներ վաղուց հասունացել են: Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում գործարարներից, որոնք պնդում են, որ հայաստանյան իշխանությունները դրսևորում են անբարյացկամ գործարար վարքագիծ: Եվ անշուշտ, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»։

Մրցակցությունը խթանելու նպատակով ՎԶԵԲ-ը ընդգծում է փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու անհրաժեշտությունը։ «Այս թեման շարունակում է մնալ միջազգային կառույցների ու Հայաստանի կառավարության երկխոսության առանցքում», - ասաց բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

«Բոլորին հայտնի են տվյալները, թե որ ապրանքատեսակներն են ներկրվում մեկ-երկու ընկերությունների կամ դրանց փոքր խմբի կողմից: Դա սահմանափակում է մյուս ընկերությունների՝ տվյալ ոլորտը մուտք գործելու հնարավորությունները․․․ Այս խնդիրը շարունակում է մնալ կառավարության և միջազգային ֆինանսական հաստատությունների՝ այդ թվում ՎԶԵԲ-ի երկխոսության օրակարգում»:

Ավելի վաղ եվրոպական բանկը հայտարարել էր, թե այս տարի Հայաստանում տնտեսությունը ոչ միայն չի աճելու, այլև 1.5 տոկոս անկում է արձանագրելու։ Մինչդեռ այսօր բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հայտարարեց, թե այլևս աճ են ակնկալում․ նախնական տվյալներով աճը կկազմի 1-3 տոկոս։

XS
SM
MD
LG