Մատչելիության հղումներ

Իրանի փոխնախագահի այցի նպատակը «հայ-իրանական ծրագրերի վերակենդանացումն է»


Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին դիմավորում է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, 14-ը հոկտեմբերի, 2015թ․

Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին դիմավորում է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, 14-ը հոկտեմբերի, 2015թ․

Փոխնախագահ Ջահանգիրին 2011 թվականից հետո, երբ Երևան եկավ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան իրանցի պաշտոնյան է:

Այսօր Երևան ժամանեց Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին։ Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, երկօրյա պաշտոնական այցի ընթացքում նրան կընդունեն Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Իրանական պատվիրակության կազմում են երկրի տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակութային արժեքների նախարարները: Թե ինչ հարցեր են քննարկվելու Երևանում, դեռևս հայտնի չէ:

Սա 2011 թվականին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցից հետո ամենաբարձրաստիճան իրանցի պաշտոնյայի այցն է Հայաստան, որը, փաստորեն, տեղի է ունենում արևմուտքի և Իրանի միջև պատմական համարվող միջուկային համաձայնությունից կարճ ժամանակ անց:

Այդ համաձայնությանը հաջորդած ընդամենը երեք ամիսների ընթացքում Երևանն ու Թեհրանը արդեն հասցրել են շուրջ 120 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր ստորագրել երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերսկսման վերաբերյալ: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ սեպտեմբերին հայտատարել էր, որ Հայաստանի նախաձեռնությամբ ԵՏՄ-ում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Եվրասիական դաշինքի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման աշխատանքներով:

«Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը կարծիք հայտնեց, որ փոխնախագահ Ջահանգիրիի այցի հիմնական նպատակը հայ-իրանական տնտեսական ծրագրերի վերակենդանացումն է, որոնք առկախված էին պատժամիջոցների պատճառով: Մոնասյանը հետևել է նաև Իրանի փոխնախագահի այցի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումներին:

«Ասվում է, որ քաղաքական և տնտեսական լուրջ պատվիրակության հետ է փոխնախագահը գալիս, և դա շեշտված է, և՛ տնտեսական կողմը, և՛ քաղաքական կողմը: Իր հետ նաև գործարարներ կան, Հայաստանում հանդիպելու է հայ և իրանցի գործարարների հետ»,- ասում է Ռուբիկ Մոնսայանը:

Վաղը Հայաստանի վարչապետ Աբրահամյանի և Իրանի փոխնախագահ Ջահանգիրիի մասնակցությամբ Երևանում կմեկնարկի հայ-իրանական գործարար համաժողովը:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև տեղի է ունեցել 178 միլիոն դոլարի առևտուր, ինչը Հայաստանի ողջ արտաքին առևտրի 5.9%-ն է: Այդ ցուցանիշով Իրանը Հայաստանի չորրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է՝ Եվրամիությունից, Ռուսաստանից և Չինաստանից հետո:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, պետք է սպասել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների աստիճանական վերացումից հետո Իրանն ավելի ակտիվորեն կներգրավվի հատկապես տարաշածրջանային քաղաքական, տնտեսական հարաբերություններում:

«Այցն ինքնին շատ կարևոր է: Իրանի առաջին փոխնախագահի այցը, փաստորեն, հաջորդում է Հայաստանի վարչապետի՝ Թեհրան կատարած այցին: Սա մի կողմից հնարավորություն է՝ խորացնելու հայ-իրանական հարաբերությունները պատժամիջոցներից հետո ընկած ժամանակահատվածում, մյուս կողմից, վտանգ եմ տեսնում․ եթե այս այցը Իրանի նախագահ Ռոհանիի սպասվող այցի նախապատրաստման համար է, ուրեմն շատ դրական քայլ է արվում, բայց եթե այս այցը փոխարինելու է Իրանի նախագահի այցին, դա կնշանակի կորսված հնարավորություն»,- ասում է քաղաքաագետը:

Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ իրանցի բարձրաստիճան հյուրը կայցելի Մատենադարան ու Երևանի Կապույտ մզկիթ: Ոչինչ չի հաղորդվում Ցեղասապնության հուշահամալիր՝ վերջինիս հնարավոր այցի մասին: Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը իր հայաստանյան այցերի ժամանակ այդպես էլ չգնաց Ծիծեռնակաբերդ:

XS
SM
MD
LG