Մատչելիության հղումներ

Լույս է ընծայվել «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանը


1200 էջից բաղկացած այս ծավալուն հանրագիտարանը հրատարակվել է աշխատակազմի ավելի քան 4 տարվա աշխատանքի արդյունքում։

3 տարի հետո Հայկական հանրագիտարանը կնշի հիմնադրման 50-ամյակը: Այս ընթացքում հայ ընթերցողի, գիտնականի, դրպոցականների ու ուսանողների համար ամենատարբեր հանրագիտարաններ են հրատարակվել, որոնք հատկապես ՀՀ անկախությունից հետո շատ ավելի ընդգրկուն և թեմատիկ բնույթ են կրում:

Այսօր հրավիրված ասուլիսին Հայկական հանրագիտարանի տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, ներկայացնելով 1500 տպաքանակով հրատարակված նոր հանրագիտարանը, շեշտում էր, որ այն իրենց աշխատակազմի ավելի քան 4 տարվա աշխատանքի արդյունքն է։

«Այս գիրքը ամփոփում է մեր 500-ամյա գրատպության պատմությունը իր բոլոր մանրամասներով՝ տպարաններով, հրատարակիչներով, հնատիպ և ավելի ուշ ժամանակի լույս տեսած գրքերով, նախաձեռնողներով, սկզբունքային կարևորություն ունեցող թերթերով, ամսագրերով և այլն», - հավելեց նա:

Հովհաննես Այվազյանը վստահ է, որ այս հանրագիտարանը շատ լավ ընդունելության պիտի արժանանա մեր հասարակության կողմից, թեև, իհարկե, քաջատեղյակ է, որ մեր օրերում նաև սառնություն և անտարբերություն կա գրքի ու գրականության նկատմամբ:

Այդուհանդերձ նա համոզված է, որ հենց այս կարգի գրքերի շնորհիվ նաև հնարավոր կլինի արթնացնել հասարակության հետաքրքրությունը սեփական ժողովրդի պատմության, մշակութային հարուստ ժառանգության նկատմամբ:

Հանրագիտարանում առանձին հոդվածների միջոցով ներկայացված են վաղ միջնադարից եկող մեր հնագույն ձեռագրերը, որոնք մի ողջ պատմական ժամանակաշրջան են ներկայացնում:

Հանրագիտարանը, Այվազյանի խոսքով, մշակույթի մի առանձին ուղղություն է, որի ստեղծման համար լուրջ ջանքեր ու ռեսուրսներ են պահանջվում հատկապես մեր ժամանակներում, երբ թվում է, թե ինֆորմացիայի ձեռք բերման մեծաքանակ աղբյուրները կարող էին հեշտացնել աշխատանքը: Սակայն հիմա, ըստ նրա, ավելի բարդ է և պատասխանատու, որովհետև պարտավոր ես ստուգել, որ բոլոր տվյալներն ու տեղեկությունները ճշգրիտ լինեն․ - «Այս իմաստով հանրագիտարանը պիտի որ ունենա բոլոր հնարավորությունները՝ մարդկային, խմբագրական, ֆինանսական ռեսուրսներ․․․ Իսկ այդ իմաստով մենք այսօր լավ վիճակում չենք: Մենք, որպես ակադեմիական հաստատություն, ֆինանսավորվում ենք ակադեմիայի չափանիշներով նախատեսված գումարներով, որը չէի ասի, որ հատկապես մեծ է, և այդ գումարներով կարելի է շարունակել գոյատևել»:

Մինչդեռ, հանրագիտարանային մշակույթը այսօր ոչ միայն պիտի պահպանել, այլև հնարավորություն ստեղծել այն զարգացնելու համար․ - «Այս մասին պիտի մտածի առաջին հերթին թերևս Մշակույթի նախարարությունը, պիտի մտածի Գիտությունների ազգային ակադեմիան և ավելի բարձր մարմիններ, որոնք լուծում են երկրում ֆինանսական խնդիրներ»:

Նոր լույս ընծայված «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանի ստեղծման համար պետբյուջեից ավելի քան 17 մլն դրամ է հատկացվել:

«Ազատության» հարցին, թե Հայաստանի անկախացումից ի վեր քանի անուն հանրագիտարան է լույս տեսել, Հովհաննես Այվազյանը պատասխանեց․ - «Մենք 16 անուն հանրագիտարան ենք լույս ընծայել այս 20-25 տարիների մեջ»:

Հանրագիտարանի աշխատակիցները ներկայումս աշխատում են Երաժշտագիտական հանրագիտարանի և 65000 եզրույթից բաղկացած հանրագիտարանային բառարան ստեղծելու ուղղությամբ: Նրանք նաև հույս ունեն, որ առաջիկայում, այնուամենայնիվ, միջոցներ կգտնվեն ու նախկին Հայկական սովետական հանրագիտարանին կգան փոխարինելու անկախ Հայաստանի առաջին ազգային հանրագիտարանի 15 հատորները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG