Մատչելիության հղումներ

Արմավիր տանող ճանապարհը փակած արշալույսցիները չեն կարողանում իրացնել բերքը


Բողոքի ցույց Արմավիրի մարզում, արխիվ

Բողոքի ցույց Արմավիրի մարզում, արխիվ

Գյուղացիներին ասում են՝ դռնեդուռ են ընկնում մի պարկ լոլիկ կամ վարունգ վաճառելու համար, կիլոգրամն առաջարկում են 20 դրամով։

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ուշքի չեն գալիս օրեր առաջ տեղի ունեցած ողբերգությունից. բանկերին ունեցած պարտքերի պատճառով համագյուղացիներից մեկը ինքնասպան է եղել, երբ տոննաներով բերքը գործարաններն այդպես էլ չեն ընդունել։

«67 թվի տղա էր, վարկերը որ չի կարացել փակի, ինքնասպան է եղել։ Ջահել տղա։ Բա էսի երկի՞ր է»,- ասում էր արշալույսցիներից մեկը։

Զայրացած փողոց դուրս եկած գյուղացիները այսօր երկու ժամ շարունակ փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը, մինչև մարզպետն անձամբ եկել ու խոստացել էր հարցին լուծում տալ։ Ջրի ու բերքի պակաս չունեն, բայց եկամուտ էլ չեն կարողանում ստանալ։ Պատմում են, որ դռնեդուռ են ընկնում մի պարկ լոլիկ կամ վարունգ վաճառելու համար, կիլոգրամն առաջարկում են 20 դրամով։

«Հիմա դաշտում մեր ամբողջ Արշալույսում, մի 1000 տոննա բադրջան հենց հիմա կա, որն անձևի պատճառով արդեն փչացել է։ Խաբեցին, տասը օր առաջ, քսան օր առաջ, որ կընդունեն, չընդունեցին։ Մի պահ մի քիչ ընդունեցին ու վերջ, սահմանափակվեցին դրանով։ Մարզպետը մի շաբաթ խաբեց ինձ, ասեց բադրջանը կընդունեմ, զանգում եմ ոչ մի տեղ չեն ընդունում։ Ես կապվում եմ գործարան, ասում են՝ «բիբար ճարի, բեր հետը», ես էլ ասում եմ՝ «ճարել եմ, գնացել եմ գյուղերից ճարել բերել եմ»։ Հիմա էլ ասում են՝ «թանկ է, բիբարն էժանացրու, որ քո բադրջանը ընդունենք։ Եղա՞վ սա գործ», - հարցրեց գյուղացիներից մեկը։

Թեև այսօր էլ իշխանության ներկայացուցիչներից խոստումներ լսեցին, որ հարցը մոտ ապագայում կլուծվի, վարկերն էլ կփորձեն ժամանակավորապես սառեցնել, սակայն արշալույսցիները թերահավատ էին։

«Հա կասեն՝ կառավարություն, վարչապետ, գյուղնախարար... սաղ էլ փուչիկ են»։ «Եսիմ քանի միլիոն աշխատավարձ են ստանում, ո՞ւմն է պետք, բայց գյուղնախարարությունից էս տարի մեկը մտե՞լ է մեր մոտ, ոչ ոք»։

«Ասեցին, գնացին, ցավդ տանեմ, բայց դա ոչ մի բան չի նշանակում»։ «Ձկան գլուխը վերևից որ բռնեն, տամոժնին կբացվի, վրացին կգա քյալամն էլ կտանի, խիյարն էլ կտանի, բադրջանն էլ կտանի, էս մարդիկ էլ վարկերը կփակեն»։

Մտահոգությունները նույնն են մարզի գրեթե բոլոր գյուղերում։ Գրիբոյեդովում Կարեն Բաղրամյանը մի քանի շաբաթ է՝ գործարանի պատասխանին է սպասում, հավաքած վարունգն արդեն դեղնել է։

«Մի անգամ ասել են, որ տասը օրվա մեջ էդ հարցի պատասխանը կլինի, ու մինչև հիմա չկա ու արդեն էլ պետք չի, որ լինի, որովհետև չկա, փչացավ։ Մի հեկտար վարունգ ենք դրել, ընդամենը երևի ծախել ենք մի 20 հազա դրամի վարունգ։ Էդ ամբողջ ծախսերը, որ արել ենք սաղ մնացել են, նույնիսկ բանվորների հարցերը չենք կարողացել լուծել, դաշտը բաց ենք թողել», - ասաց Բաղրամյանը։

XS
SM
MD
LG