Մատչելիության հղումներ

Արա Աբրահամյան․ «Իշխանափոխություն, իհարկե, չեմ ուզում»


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Մեծ քաղաքականություն մտնել-չմտնելու որոշումը Ռուսաստանի հայերի միության նախագահը կընդունի համագյուղացիների հետ խորհրդակցելուց հետո:

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը որոշել է Հայաստանը դարձնել «դեմոկրատիկ, ազատ, անկախ մի պետություն»:

Այդ ճանապարհին գուցե կուսակցություն ստեղծի, որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Աբրահամյանը չբացառեց նաև մեկ այլ ուժի հետ դաշինքի հնարավորությունը․ - «Եթե տեսնեմ կա համապատասխան թիմ, կա համապատասխան քաղաքական ուժ՝ միջազգային, կան համապատասխան երկրների ղեկավարներ կամ մեծ բիզնեսի օգնություն և իրար հետ համագործակցելու մեխանիզմներ, իհարկե ես մարտին վերջնական որոշում կկայացնեմ՝ գնալո՞ւ եմ ընտրություններին, թե՞ չէ», - ՌՀՄ-ի 15-ամյակի կապակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց նա՝ հավելելով, որ քաղաքականությամբ զբաղվելու որոշում ընդունելու դեպքում որևիցե կուսակցության, անձի չեն քննադատելու․ բավարարվելու են ընտրողներին իրենց ծրագրերը ներկայացնելով:

Իշխանափոխության հարց նույնպես չեն բարձրացնելու․ - «Իշխանափոխություն, իհարկե, չեմ ուզում: Ես ուզում եմ ընտրությունների մասնակցեմ»:

Աբրահամյանի ծրագրերը շատ են՝ Հայաստանի ժողովրդավարացումից, ընտրակեղծիքների դեմ պայքարից մինչև տնտեսական զարգացում․ - «Մենք ինչ-որ բաներ գիտենք, ինչ-որ բաներ հասկանում ենք, ինչ-որ մեխանիզմներ պետք է կառուցվեն, որպեսզի ընտրություններում խախտումներ չլինեն: Պետք է դիմենք Հանրապետության նախագահին»:

Հայաստանի օրենսդրությանը, ինչպես պնդեց Աբրահամյանը, ծանոթ է, գիտի, որ Հանրապետության նախագահ կամ վարչապետ չի կարող դառնալ, քանի որ մշտապես Հայաստանում չի բնակվում։

Ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարարը հավաստիացնում է՝ նպատակն ընդամենը իր կուսակցության մասնակցությունն է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին․ - «Հյուրանոցի դռնապահից սկսած ասում ա՝ Դուք էդքան չեք ապրում այստեղ: Ասում եմ՝ լավ ա, շատ լավ ա, մի անհանգստացեք»:

Ընտանիքի անդամները, Աբրահամյանի խոսքով, համաձայն չեն Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու իր ծրագրերին։ Բայց ինքը հավատացյալ է, խիղճ ունի․ - «Ես չեմ կարող այնտեղ գիշերը հանգիստ քնել, ես չեմ կարող լավ զգալ ինձ էդ ճոխ սեղանների կողքը, երբ որ ես գիտեմ, որ այստեղ մարդիկ կարիքի մեջ են»:

Կուսակցություն ստեղծեց՝ դռները կբացի գաղափարախոսությունն ընդունող յուրաքանչյուրի առջև․ - «Անկախ նրանից, թե իրանք որ դաշտում են՝ ընդդիմական թե որևիցե մի այլ դաշտում»:

Քաղաքական ուժի անունն այսօր չհրապարակեց։ Կուսակցություն հիմնել-չհիմնելու վերջնական որոշումը Արա Աբրահամյանը կհրապարակի հայրենի գյուղում՝ Մալիշկայում․ - «Երբ պիտի գայի Երևան սովորելու, գնացել էի, կոլխոզում աշխատել էի, և կոլխոզից գործուղում տվեցին, որպեսզի գամ գյուղինստիտուտում սովորեմ: Հիմա պետք է գնամ, մեր գյուղացիների հետ խորհրդակցեմ՝ իրենք գործուղում կտա՞ն մեծ քաղաքականություն գնալու, թե՞ ոչ»:

Արա Աբրահամյանը հաշվի է առել նաև Գագիկ Ծառուկյանի կուսակցական փորձը, ով Սերժ Սարգսյանի անխնա քննադատությունից հետո որոշեց հեռանալ քաղաքականությունից․ - «Ընդհանրապես չեմ ուզում որևէ մեկին նմանվել․․․ Ես եթե ուզենայի նմանվեի, ես Մալիշկայից կարող ա հասած լինեի մինչև Արարատյան դաշտավայր: Եթե ես ասեմ իմ ամբիցիաների մասին, դուք երևի կզարմանաք: Ավելի լավ ա չասեմ»:

Աբրահամյանն ասաց, թե Վլադիմիր Պուտինի «դաբրո»-ի կարիքն ունի միայն Ռուսաստանի տարածքում։ Իսկ Հայաստանի նախագահի հետ ծրագրերը քննարկել է․ - «Շատ հանգիստ, շատ նորմալ: Ասեց՝ եթե դուք ունեք ծրագրեր, եթե դուք կարող եք այս երկրին օգտակար լինել, ինչո՞ւ չէ, մասնակցեք»:

Արա Աբրահամյանին նախագահ Սերժ Սարգսյանը 2010-ին արժանացրել է Պատվո շքանշանի՝ հայ-ռուսական բարեկամությունն ամրապնդելու համար։

Հայաստանի նախագահի և Ռուսաստանի հայերի միության ղեկավարը նաև համատեղ հանգստանում են։ Այդ մասին անցած տարվա հունվարին տեղեկացրել էր կորեական կայքերից մեկը։ Սարգսյանն ու Աբրահամյանը, ըստ հրապարակման, մայրաքաղաք Սեուլում գտնվող վերականգնողական կենտրոններից մեկում ցողունային բջիջների, երիտասարդացման թերապիա էին անցել, նաև կատարել մարմնի հարթեցում, մերսում և քաշի կարգավորում՝ վճարելով մոտ 186 հազար դոլար:

Ի դեպ, «Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ, այսօր ԳԱԱ-ում մամուլի ասուլիսից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շտապել է նախագահական նստավայր:

XS
SM
MD
LG