Մատչելիության հղումներ

Ռոհանին իրանցիներին տնտեսության թռիչքաձև աճ է խոստանում


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանը` Մեջլիսը, երեքշաբթի երեկոյան քվեների 161 կողմ, 59 դեմ հարաբերակցությամբ վավերացրեց հուլիսի 14-ին Վիեննայում կնքված միջուկային համաձայնագիրը:

Մի կողմից՝ Իրանի, մյուս կողմից` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետությունների և Գերմանիայի միջև կնքված այս պայմանագրի համաձայն, հիշեցնենք, վերացվում է Թեհրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների զգալի մասը: Փոխարենը Իրանը դադարեցնում է իր կողմից իրականացվող միջուկային ծրագրերի ճնշող մեծամանությունը` միջազգային կառույցներին նաև հնարավորություն տալով վերահսկողություն սահմանել երկրի միջուկային օբյեկտների հանդեպ:

Քվեարկության ավարտից քիչ անց Իրանի պետական հեռուստատեսությունը ծավալուն հարցազրույց հեռարձակեց նախագահ Հասան Ռոհանիի հետ, որում նա կոչ էր անում հայրենակիցներին պատրաստ լինել երկրի պատմության նոր փուլին:

«Իրանի ժողովրդին ուղղված իմ ուղերձը շատ պարզ է` մենք պետք է պատրաստ լինենք արտադրության և տնտեսության թռիչքաձև աճին: Մենք պետք է պատրաստ լինենք այն տնտեսական բումին, որ ակնկալվում է», - հայտարարում էր Ռոհանին:

Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերացման արդյունքում իրանական տնտեսության մեջ սպասվող դրական զարգացումները չեն կարող չազդել ոչ միայն շարքային քաղաքացիների սոցիալական վիճակի, այլև հարակից պետությունների տնտեսական վիճակի վրա:

«Մենք պետք է լրջորեն աշխատենք ողջ տարածաշրջանում տնտեսական աճի տեմպերն արագացնելու համար: Տնտեսական վիճակի բարելավումը կդառնա այն հիմքը, որի վրա հենվելով հնարավոր կլինի արդյունավետ պայքար ծավալել ահաբեկչության դեմ: Աղքատությունն է այն հիմնական պատճառը, որ ստիպում է մարդկանց անդամակցել ահաբեկչական կազմակերպություններին», - հայտարարում էր Ռոհանին` հստակեցնելով, որ առաջիկա ամիսներին արդեն Թեհրանի դեմ պատժամիջոցների մեծ մասը կանցնի պատմության գիրկը:

Համաշխարհային բանկի վերլուծությունների համաձայն, ի դեպ, պատժամիջոցների վերացումից հետո Իրանի` միայն նավթի վաճառքից տարեկան եկամուտները կկազմեն 15 միլիարդ դոլար: Բացի այդ, Իրանը հնարավորություն կստանա օգտագործել արևմտյան բանկերում գտնվող սառեցված միջոցները, որոնց ընդհանուր ծավալը, ըստ Սպիտակ տան, հասնում է 56 միլիարդ դոլարի: «Այս ամենը հնարավորություն կտա Իրանին նվազեցնել գործազրկության մակարդակը, լրջորեն վերազինել տեղական արդյունաբերությունը», - օգոստոսին կանխատեսում էր The Washington Times-ը:

Այդուհանդերձ, Իրանի քաղաքական վերնախավի ոչ բոլոր ներկայացուցիչներն են, որ ոգևորված են տնտեսական կտրուկ աճի ուրվագծվող հեռանկարներից: Դրա վկայությունը դարձավ նաև Մեջլիսի երեկ կայացած նիստը, որը, ի դեպ, չէր հեռարձակվում երկրի հեռուստատեսության ուղիղ եթերում: Տպագիր մամուլում և լրատվական կայքերում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Մեջլիսում ծավալված բանավեճը շատ բուռն ընթացք է ստացել: Պահպանողական թևի ներկայացուցիչները խստորեն քննադատել են համաձայնագրի վավերացումը` այն անվանելով կատարյալ կապիտուլյացիա Արևմուտքի առջև: Իրանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ բանավեճի ընթացքում Վիեննայի պայմանագրի ընդդիմախոսներից մեկը այնքան է հուզվել, որ արտասվելով է լքել խորհրդարանական նիստերի դահլիճը:

Վիեննայում կնքված համաձայնագիրը Իրանի տարածքում ուժի մեջ կմտնի, երբ հաստատվի երկրի բարձրագույն իրավաբանական կառույցի` Սահմանադրության պահապանների 12-հոգանոց խորհրդի կողմից, որը կազմված է 6-ական ազդեցիկ մահմեդական հոգևորականներից և խորհրդարանի կողմից նշանակված իրավաբաններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG