Մատչելիության հղումներ

Թմրանյութերի թրաֆիքինգի դեմ պայքարի ՀԱՊԿ համակարգող խորհրդի նիստ Երևանում


Լուսանկարը՝ Հայաստանի ոստիկանության լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի ոստիկանության լրատվականի

Այսօր Երևանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 17-րդ նիստը, որը նախագահել են Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Համակարգող խորհրդի նախագահ և Ռուսաստանի թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ նիստին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի ՆԳ նախարարությունների, Ղրղըզստանի կառավարությանն առընթեր թմրամիջոցների վերահսկողության պետական ծառայության, Տաջիկստանի նախագահին առընթեր թմրամիջոցների վերահսկողության գործակալության, Ռուսաստանի թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության, Հայաստանի ոստիկանության և ՀԱՊԿ-ի քարտուղարության ներկայացուցիչները:

Նիստի բացման խոսքում Վլադիմիր Գասպարյանը կարևորել է թմրամիջոցների անօրինական շրջանառությանը հակազդման հարցում համագործակցության նշանակությունը, նշել, որ ՀԱՊԿ-ի համակարգող խորհրդի ջանքերով ձևավորվել է բազմակողմ հիմքի վրա միջազգային համագործակցության մեխանիզմ։

Նիստի ժամանակ ներկայացվել են 2015 թվականի երկրորդ կիսամյակում թմրամիջոցների անօրինական շրջանառությանը հակազդման համակարգող խորհրդի գործունեության հաշվետվությունը, խորհրդի 2016-2017 հիմնական միջոցառումների պլանի նախագիծն ու ՀԱՊԿ-ի հակաթմրամիջոցային գործողությունների կենտրոնի ստեղծման աշխատանքի ընթացքը, քննարկվել են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հակաթմրամիջոցային գերատեսչությունների իրավասու մարմինների ղեկավարների հաշվետվությունները՝ Աֆղանստանի տարածքից եկող համաշխարհային թմրասպառնալիքի դեմ պայքարում գործակցության միասնական դիրքորոշում մշակելու վերաբերյալ առաջարկներով, այլ հարցեր։

Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցներից և քննարկումներից հետո ստորագրվել են ամփոփիչ փաստաթղթերը, ինչին հաջորդել է թմրամիջոցների անօրինական շրջանառությանը հակազդման գործում լավագույն արդյունքներ արձանագրած իրավապահների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG