Մատչելիության հղումներ

ՊՆ-ում մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքները


Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության լրատվականի

Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության լրատվականի

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել են պաշտպանական հարցերի վերաբերյալ մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ։

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հավաք-պարապմունքներին մասնակցում են գործադիր իշխանության, պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձինք:

«Դասախոսություններով հանդես են գալու պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ: Կներկայացվեն պետությունը և պետության միասնական կառավարման համակարգը ռազմական դրության փոխադրելու հիմնադրույթներին, ժամանակակից պատերազմների բնույթին ու զորահավաքային խնդիրներին առնչվող դասախոսություններ», - ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ընդգծել է, որ նման հավաքներն ամրապնդում են պետության պաշտպանունակությունը, նպաստում հնարավոր թերացումների բացառմանը:

Անդրադառնալով սեպտեմբերին անցկացված «Շանթ 2015» զորավարժությանը՝ Յուրի Խաչատուրովը բարձր է գնահատել դրա արդյունքները: Նա հավաքի մասնակիցներին ներկայացրել է նաև հայ - ադրբեջանական սահմանագոտում առկա իրադրությունն ու տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը:

«Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա հավաք-պարապմունքների նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական բոլոր կառույցների փոխգործակցությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման գործում պաշտոնական պարտականությունների և իրավասությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG