Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում մարդկանց ստիպել են հավաքած բամբակը սոսնձել բամբակենիներին


Բամբակի դաշտ Ուզբեկստանում, արխիվ
Բամբակի դաշտ Ուզբեկստանում, արխիվ

Այդ կերպ Ֆերգանայի մարզը պատրաստվում էր վարչապետի այցին։

Ուզբեկստանի Ֆերգանայի մարզում բնակիչներին ստիպել են հավաքած բամբակը սոսնձել բամբակենիներին՝ վարչապետի հնարավոր այցի ժամանակ դաշտերը ձյունաճերմակ սպիտակությամբ ապահովելու նպատակով։

Սեպտեմբերի վերջերին լուրեր տարածվեցին, թե վարչապետ Շավքաթ Միրզիևը հնարավոր է այցելի Ֆերգանայի մարզ։

Տեղի իշխանությունները որոշեցին վարչապետի մարզ ոտք դնելու առաջին իսկ րոպեներից գոհացնել նրան. նախ շուտափույթ վերանորոգեցին ճանապարհը, որտեղով պետք է անցներ վարչապետի մեքենան, ապա անցան ճանապարհի հարևանությամբ գտնվող բամբակենու դաշտերին՝ շուրջ 500 մարդու հրամայվեց սոսնձով ներկայանալ և ջանք չխնայել դրանցում ձյունաճերմակ սպիտակություն ապահովելու համար։

Ֆերգանայի իշխանություններն այսպիսով ուզում էին շոյել վարչապետի աչքը, միևնույն ժամանակ այդ կերպ պարծենալ իրենց դաշտերում բամբակի առատ բերքով։ Այս մասին պատմում է «Ազտություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության տեղի թղթակիցը, ով Շախարթեդ գյուղում գտնվող դաշտավայրում անձամբ է տեսել և նկարահանել, թե ինչպես են տեղի բնակիչները հավաքած բամբակը սոսնձում բամբակենիներին։

«Երբ ես հարցրեցի, թե ինչով են զբաղված և ինչ նպատակով, նրանք պատասխանեցին, թե՝ պարզվում է վարչապետն է գալու, և իրենց կարգադրել են սիրունացնել դաշտավայրը։ Իսկ նրանցից մեկը չներկայանալու պայմանով արձագանքել է՝ «նույնիսկ չգիտենք, թե ինչ կասեր վարչապետը, երբ տեսներ այս ամենը՝ կգովաբանե՞ր, թե՞ կհայհոյեր», - պատմում է թղթակիցը։

Մինչդեռ վարչապետը ո՛չ գովաբանեց տեղացիներին, ո՛չ էլ հայհոյեց. նրա այցը տեղի չունեցավ։

«Ազատության» ուզբեկական ծառայությունը հիշեցնում է, որ առաջին անգամը չէ, երբ Ուզբեկստանում բամբակի դաշտերում ձյունաճերմակ սպիտակություն են ապահովում արհեստական ճանապարհով։ 2009 թվականի հոկտեմբերի 16-ին երկրի նախագահ Իսլամ Քարիմովը որոշել էր բամբակի բերքահավաքից հետո այցելել Ֆերգանայի մարզի դաշտավայրեր՝ աշխատանքների արդյունքներին ծանոթանալու նպատակով։ Երկրի ղեկավարին հավուր պատշաճի ընդունելու ծրագրի մաս էր կազմում նաև «աչք շոյելը», ինչի նպատակով տեղի իշխանությունները հրաման արձակեցին մեկ օրում դաշտավայրին ձյունաճերմակ սպիտակություն հաղորդել։

Պարզվում է՝ Ուզբեկստանում իշխանությունների աչքը գոհացնելու համար այլ հնարքների էլ են դիմում. այս տարվա մարտ ամսին, երբ Քարիմովը պետք է այցելեր Նամանգանի շրջան, տեղի իշխանությունները բնակիչներին ստիպել են ծառերին արհեստական ծաղիկներ փակցնել։ Այժմ այս արարողությունները արդիական են դարձել նաև վարչապետի այցերի դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG