Մատչելիության հղումներ

Հայաստանը կարծես բավական գրավիչ ուղղություն է դարձել ամերիկյան հայտնի հեռուստաաստղերի համար:

Քիմ Քարդաշյանի աղմկահարույց այցելությունից հետո իր հաղորդումը հենց Հայաստանում է նկարահանում հումորային թոք-շոուների ամերիկացի հայտնի հաղորդավար, պրոդյուսեր, «Սիմփսոններ» մուլտսերիալի սցենարիստներից մեկը՝ Քոնան Օ՛Բրայենը:

Ի տարբերություն Քիմ Քարդաշյանի, Օ՛Բրայենը հայկական արմատներ չունի: Նա ծագումով իռլանդացի է, սակայն Հայաստանի հետ կապող օղակ այնուամենայնիվ կա․ նրա օգնականն է հայազգի՝ Սոնա Մովսեսյանը, ով նույնպես առաջին անգամ է Հայաստանում:

Քոնան Օ՚Բրայենը իր ֆեյսբուքյան էջում արդեն տեղադրել է իր և օգնականի լուսանկարը Գառնու տաճարի ֆոնին ու կատակով մեկնաբանել․ - «Իմ օգնական Սոնային բերել եմ տուն՝ Հայաստան: Կա՛մ դա պիտի անեի, կա՛մ էլ աշխատավարձը բարձրացնեի»:

Ի դեպ, հենց Գառնիում նկարահանումների ժամանակ Օ՛Բրայենը հայտնվել է տեղացիների ուշադրության կենտրոնում, նրա անկաշկանդ շփումը գառնեցիների հետ հայտնվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Իսկ երևանցիների սմարթֆոնները ամերիկացի հեռուստաաստղին ֆիքսել են Հանրապետության հրապարակում:

TBS հեռուստաընկերությունը Հայաստան այցելության մասին հաղորդումը եթեր կհեռարձակի նոյեմբերի 10-ին: Սոնա Մովսեսյանն իր թվիթերյան էջում գրել է, թե անհամբեր սպասում է, որ իրենց հայկական արկածները բոլորը տեսնեն:

«Շատ սյուրռեալ շաբաթ եմ անցկացնում Հայաստանում ղեկավարիս հետ», - գրել է նա:

Քոնան Օ՚Բրայենը Թվիթերում ավելի քան 18 միլիոն հետևորդ ունի, ամերիկյան հեռուստատեսության ամենահայտնի դեմքերից է, հեռուստաշոուների ամենաերկարակյաց հաղորդավարներից մեկը: Նրա երեկոյան հեռուստաշոուները եթերում են արդեն 22 տարի:

«Քոնան» հումորային թոք շոուն Օ՛Բրայենը սկսել է 2010 թվականից: Վերջերս մեծ աղմուկ հանեց նրա այցելությունը Կուբա: Նա առաջին ամերիկացի հեռուստահաղորդավարն էր, որ վերջին 50 տարիների ընթացքում հաղորդում է նկարահանել Հավանայում՝ այս տարվա փետրվարին:

XS
SM
MD
LG