Մատչելիության հղումներ

logo-print

«Գարդիան»-ը անդրադարձել է Հայաստանի հոգեբուժարաններում հարկադիր բուժման խնդիրներին


Բրիտանական «Գարդիան»-ը ներկայացնում է, թե Հայաստանում որքան հեշտ է մարդուն հոգեբուժարան ուղարկելը: Նշվում է, որ սա խորհրդային ժամանակներից ժառանգած գործելաոճ է, երբ հոգեբուժարաններում լռեցնում էին այլախոհների ձայնը:

Հայաստանի օրենսդրությամբ ընդամենը մի հեռախոսազանգ ոստիկանություն կամ հոգեբուժարան, թե այսինչ մարդը հոգեկան խանգարման խնդիրներ ունի, կարող է բավարար լինել նրան հոգեբուժարան տեղափոխելու համար: Իսկ եթե նա ընդդիմանում է, հիվանդանոցը կարող դիմել դատարան՝ հարկադիր բուժելու որոշում ստանալու համար:

«Գարդիան»-ի հոդվածի հեղինակ Մարիաննա Գրիգորյանը իր ուսումնասիրությունում ներկայացնում է մի շարք գործեր, այդ թվում Ջուլիետա Ամարիկյանի պատմությունը, ով կենցաղային վիճաբանության պատճառով հայտնվել էր հոգեբուժարանում:

Եղբայրը ցանկացել է, որ ծնողներից մնացած բնակարանը միայն իրեն մնա, ու քրոջից ազատվելու համար ոստիկանների ու բժիշկների միջոցով նրան տեղափոխել է հոգեբուժարան: 54-ամյա Ջուլիետա Ամարիկյանը պատմել է, որ ուժով իրեն տարել են Երևանի հոգեբուժարան ու մեկ ամիս պահել իր կամքին հակառակ:

«Նրանք ինձ փակել են ու թողել լքված: Ոչ մեկը ոչ մի հետազոտություն չի անցկացրել: Ես սարսափած էի։ Ես կարծում էի՝ դա իմ վերջն է»,- ասել է նա։

Իրավապաշտպանները նշում են, որ Ամարիկյանի պատմությունը եզակի դեպք չէ Հայաստանում, որտեղ շատ հեշտ է մարդուն հոգեկան հիվանդ համարելը։ Չարաշահումների ճանապարհ բացող օրենքներից բացի, հոգեբուժարանները ևս շահագրգռված են մարդուն հոգեկան հիվանդ ճանաչել. յուրաքանչյուր հիվանդի համար հիվանդանոցը օրական 6000 դրամ է ստանում, ամիսը դա 180 հազար դրամ է, որը քիչ գումար չէ մի երկրի համար, որտեղ թոշակը 16 հազար դրամ է:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը ասել է, որ օրենսդրությունը ամբողջովին վերափոխելու կարիք կա: «Մենք դեպքեր ենք արձանագրել, երբ հոգեկան խանգարումներ չունեցող մարդկանց փակել են հիվանդանոցներում: Խորհրդային տարիներից մնացած օրենսդրությունը այնքան է հնացել, որ երբ մարդն արդեն գտնվում է հոգեբուժարանում, մեր օգնությունը նվազագույն նշանակություն է ունենում»,- ասել է նա։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արթուր Սաքունցն ասել է, որ իրենց կազմակերպությունը դեպքեր է արձանագրել, երբ ունեցվածքի, ժառանգության կամ փոխհարաբերությունների պատճառով մարդկանց հարկադրաբար տեղափոխել են հոգեբուժարաններ:

Ամարիկյանի բախտը բերել է, նշված է «Գարդիան»-ում։ Իրավապաշտպանները այցելել են նրան, օգնել դիմելու Վերաքննիչ դատարան, օգնել, որ նա ազատ արձակվի: Հիմա նա դատական գործընթացով պայքարում է իր իրավունքների համար:

Ամարիկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ դիմել են դատարան իր պաշտպանյալի իրավունքները խախտած մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն փաստաբանը նաև նշեց.- «Մեկ տարուց ավելի է՝ ընթանում է քրեական գործի նախաքննությունը, բայց որևէ դրական տեղաշարժ չկա»:

Ջուլիետա Ամարիկյանը այս պահին գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: Նա պնդում է, որ իրեն սրսկել են, որի պատճառով ոտքը այտուցվել է և ուժեղ ցավեր ունի: Նա ասում է, որ ոտքը բուժելուց հետո էլ վախենում է տուն վերադառնալ, որովհետև հալածանքները շարունակվում են:

«Նրա պահանջն այն է, որ ես սենյակից դուրս գամ, իրենց տամ, թոշակը իրենց տամ։ Հարկադիրը ինձ ասում է՝ եթե դու փորձաքննության չգաս, ես քո թոշակը կտրելու եմ, քո բաժնեմասը վերցնելու եմ»,- պատմում է Ամարիկյանը։

Ամեն դեպքում, Վերաքննիչ դատարանի որոշմամբ առաջին ատյանի դատարանը վերանայել է իր նախկին որոշումը, նրան չեն կարող հարկադրաբար տեղափոխել հոգեբուժարան, սակայն բոլորը չէ, որ Ամարիկյանի պես գոնե հոգեբուժարան չտեղափոխվելու հարցում հաջողություն են ունենում:

Նարինե Ավետիսյանը բախտը չի բերել. 46-ամյա կինը վեց տարի անցկացրել է հոգեբուժարանում, ուր նա տեղափոխվել էր ընտանիքի անդամների պահանջով: Նա պատմել է, որ 14 տարեկան հասակում հարազատներից մեկը բռնաբարել է իրեն, որին ինքը փորձել է մեղադրել: «Մայրս ինձ ասում էր՝ սուս մնա: Ոչ մեկը չէր հավատում ինձ: Երբ 15 տարեկան էի, ընտանիքիս անդամների պահանջով ինձ տարան հոգեբուժարան: Բոլորի կողմից լքված ու նվաստացած՝ ես իմ ամբողջ երիտասարդ տարիները անցկացրել եմ հոգեբուժարանում՝ փորձելով փախչել այնտեղից»,- պատմել է նա:

Աղջկան ի վերջո հաջողվել է փախչել, հետո նաև հեռանալ Հայաստանից: Նա ապաստանել է Դանիայում, բայց 30 տարի հետո վերադարձել է՝ մեղադրելու իր նկատմամբ բռնություն կատարած անձին: Նրա պատմությունը հեռուստատեսային շոուի թեման էր դարձել:

Մեկ այլ պատմություն է երգչուհի Սոնա Ավագյանի դեպքը: Նա երկու անգամ տեղափոխվել է հոգեբուժարան: Առաջին անգամ նա ազատ է արձակվել օմբուդսմենի գրասենյակի միջամտության շնորհիվ, բայց դատարանը նրան հարկադիր բուժելու որոշում է կայացրել: Որոշումն ընդունվել է առանց դատական նիստին նրա մասնակցության: Նրա ծնողներին արգելվել է այցելել հոգեբուժարան տեղափոխված Սոնա Ավագյանին: Նա 37 օր անցկացրել է հոգեբուժարանում: Հիմա նրա գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է:

Իրավապաշտպանները նշում են, որ այս գործերի մասին հրապարակումներով խնդրի վրա ուշադրություն է հրավիրվում, բայց կառավարությունը գործողությունների չի դիմում: Հոգեբուժարանները հերքում են մեղադրանքները՝ պնդելով, որ հարկադիր բուժումը երբեմն անհրաժեշտություն է:

«Առողջ մարդը չի կարող հայտնվել հոգեբուժարանում: Դա հնարավոր չէ: Անձնավորության հիվանդ կամ առողջ լինելը որոշում են բժիշկները, այլ ոչ թե իրավապաշտպանները»,- ասել է Երևանի հոգեբուժարանի ղեկավար Արեգա Հակոբյանը:

«Գարդիան»-ում բերված են Հայաստանի դատական համակարգի տվյալները. ըստ այդ պաշտոնական տվյալների՝ 2008-2014 թվականների ընթացքում Հայաստանում 1367 մարդ անմեղսունակ, հոգեկան խնդիրներ ունեցող, հոգեկան հիվանդ է ճանաչվել, նրանցից 247-ը հոգեբուժարան է տեղափոխվել իր կամքին հակառակ:

XS
SM
MD
LG