Մատչելիության հղումներ

Ցմահ ազատազրկվածները շարունակում են հացադուլը


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:

Նրանք պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը:

Երեկվանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ սկսած 45 ցմահ դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը՝ հաշվի առնելով նաև ի հայտ եկած նոր հանգամանքները:

Թեպետ ցմահ ազատազրկվածների բաց նամակն ուղղված է ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, ՀՀ օմբուդսմենին, ԱԺ համապատասխան հանձնաժողովին ու Արդարադատության նախարարությանը, մինչև այս պահը նրանց հետ հանդիպել է միայն արդարադատության փոխնախարարն ու նախարարության քրեակատարողական վարչության ղեկավար կազմը:

Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրացված խնդիրների լուծման ճանապարհները, ներկայացվել են վիճակի բարելավմանը միտված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, նաև՝ փոխնախարարը հորդորել է դատապարտյալներին դադարեցնել հացադուլը:

Ցմահ ազատազրկվածների քրեական գործերը վերանայելու հարցով մի քանի անգամ դատարան մտած ու մերժված փաստաբան Ռոբերտ Ռևազյանը համոզվել է, որ վճռից հետո երևան եկած նոր փաստերը դատարանները երբեք բավարար հիմք չեն համարում․ - «Ի՞նչ է նշանակում նոր երևան եկած հանգամանք՝ նոր պրոցես, նոր դատավարություն, պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն: Եթե սկսեն վերաբացումները, իրենք վախենում են, որ ճահիճի մեջ կհայտնվեն, չեն կարող դուրս գալ․․․ Հիմա մենք ունենք այն, որ եթե անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման, շանսերը գործի վերանայման զրոյական են»:

Տարիներ շարունակ այս խնդրով զբաղվող լրագրող Զարուհի Մեջլումյանը, ձեռքի տակ ունեցած փաստերը հաշվի առնելով, պնդում է՝ շուրջ 100 ցմահ ազատազրկվածերից ոմանք տարիներ առաջ դատական հնարավոր սխալի զոհեր են: Մեջլումյանը վստահ է՝ եթե Հայաստանն էլ արևմտյան երկրների նման չոչնչացներ իրեղեն ապացույցները (օրինակ՝ դանակը, որով սպանություն է տեղի ունեցել), ապա հնարավոր է Հայաստանում էլ ցմահ դատապարտվածն ազատ արձակվեր․ - «Վերջին տասը օրերին երեք բեկանման դատավճիռ է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում․․․ Շնորհիվ իրեղեն ապացույցների պահպանման այդ մարդիկ մաքրում են իրենց ճակատը և դուրս են գալիս հասարակություն որպես արդարացված մարդիկ»:

Շատ փորձագետներ նաև գտնում են, որ հաճախ դատապարտյալներին պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում: Բացի այդ, թեպետ օրենքը նախատեսում է, որ ցմահ դատապարտյալը 20 տարի պատիժը կրելուց հետո կարող է օգտվել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությունից, բայց, ինչպես պնդում է Մեջլումյանը, լրացել է շուրջ 10 դատապարտյալի այդ ժամկետը, սակայն որևէ մեկի նկատմամբ պայմանական ազատում չի կիրառվել:

Փորձագետներին մտահոգում է, որ ԱԺ-ում նստաշրջանից նստաշրջան անցնում ու այդպես էլ օրենքի ուժ չի ստանում այն նախագիծը, որի ընդունման դեպքում ցմահ դատապարտյալների բարձրացրած խնդիրների մի մասը կլուծվեր՝ ավելի հաճախակի կլինեին տեսակցությունները հարազատների հետ, կմեծանար զբոսանքի և զբաղվածության հնարավորությունը:

XS
SM
MD
LG