Մատչելիության հղումներ

Զուրաբյանը «ցանկություն չունի մասնակցելու իրավապահների ներկայացմանը»


Լևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյան

Գագիկ Հարությունյանին Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մեջ մեղադրած պատգամավորը հայտարարում է, թե բացարձակ անվստահություն ունի իրավապահների նկատմամբ։

Արձագանքելով ոստիկանության խնդրանքին՝ տրամադրել ունեցած փաստերը Գագիկ Հարությունյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառելու վերաբերյալ, Լևոն Զուրաբյանը պատասխան նամակում հայտարարում է, թե բացարձակ անվստահություն ունի իրավապահների նկատմամբ, որոնք, ըստ ընդդիմադիր պատգամավորի, քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հետաքննելիս մշտապես ղեկավարվել են բացառապես «իշխող կոռումպացված վարչախմբի ապօրինի ցուցումներով», սպասարկել իշխանությունների շահերը՝ կոծկելով «ղեկավարների հանցագործությունները»:

Իր հայտարարության առնչությամբ ոստիկանության այս գործողությունն էլ որակելով «իրավական որևէ հիմքից զուրկ քարոզչական նպատակ»՝ Զուրաբյանը տեղեկացնում է, թե ցանկություն չունի մասնակցելու այդպիսի ներկայացմանը:

Պատասխանին կցելով տարբեր տարիներին Հայ ազգային կոնգրեսի կողմից իրավապահներին ներկայացված հաղորդումների ցանկը մեկ տասնյակ հանցագործությունների մասին, այդ թվում՝ 2008-ի մարտի 1-ի փաստահավաք խմբի զեկույցը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի աճն ու եկամուտների անհամապատասխանությունը և այլն, Լևոն Զուրաբյանը պնդում է, որ ծանրակշիռ փաստերը մերժվել են առանց որևէ հիմքի՝ դրսևորվելով որպես «իշխանությունների պահապան»:

«Ինչո՞ւ այս բոլոր հարցերի և հայտերի վերաբերյալ դուք ոչ մի հետաքրքրություն չեք դրսևորել, ոչ մի փաստ չեք փորձել ուսումնասիրել։ Ու ինչո՞ւ եք, ի տարբերություն դրա, փորձում իրավական ընթացք տալ քաղաքական մեղադրանքին»,- ասում է Զուրաբյանը։

Ոստիկանություն ուղարկած նամակը ընդդիմադիր գործիչը եզրափակում է իշխանափոխությունից հետո սպասվող սցենարի նկարագրությամբ, երբ ընթացք կստանան իշխանությունների կոռումպացվածության մասին բոլոր փաստերը և վերջապես կգործի օրենքը:

XS
SM
MD
LG