Մատչելիության հղումներ

Զուրաբյան. Նոր Սահմանադրության մեջ Գագիկ Հարությունյանին խոստացել են նախագահի պաշտոն


Լևոն Զուրաբյան, արխիվ
Լևոն Զուրաբյան, արխիվ

Սահմանադրական բարեփոխումների հարցով այսօր կազմակերպված հանրային քննարկումը սկանդալային ընթացք ստացավ։

Մասնագիտական հանձնաժողովի անդամ, Ազգային ժողովում բարեփոխումների հարցով նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի ելույթի ընթացքում փոփոխությունների դեմ պայքարող ճակատի անդամները դահլիճի տարբեր կողմերում «Ո'Չ» գրությամբ պաստառներ պարզեցին։ Նույնը կրկնվեց նաև ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ, ով ևս պնդում էր, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են։

«Այո»-ի տեսակետը դահլիճում պաշտպանեց նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդական Անահիտ Մանասյանը։ Չեզոք էր արտահայտվում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

Միակ դեմ արտահայտվողը Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էր, ով հայտարարեց, որ Ազգային ժողովում Սահմանադրության նախագծի հարցով քվեարկությունը քաղաքական կոնսենսուս չի կարելի համարել, քանի որ այն ձեռք է բերվել բռնությունների և ճնշումների արդյունքում, մասնագիտական հանձնաժողովի նախագահին էլ խոստումներ են տրվել։

«Այսօր հա խոսում եք Գագիկ Հարությունյանի մասին էդ իմ հայտարարությունների վերաբերյալ։ Ինչ է, սո՞ւրբ եք գտել։ Գագիկ Հարությունյանն այն մարդն է, ում խոստացել են, որ նոր Սահմանադրության մեջ նա կունենա նախագահի պաշտոն, և նա մոռանալով իր ամենագլխավոր առաքելությունը, որ Սահմանադրական դատարանի նախագահ է և Սահմանադրության դրույթների պահապանը, ինքն է լծվել Սահմանադրության՝ այդ համակարգի խախտման գործին», - ասաց Զուրաբյանը։

Ելույթներից հետո բանախոսները հարցերի պատասխանեցին։ «Ոչ»-ի ճակատի ակտիվիստ Վարդան Հարությունյանը կոնկրետ օրինակով փորձեց ճշտել, թե ի՞նչն է փոխվելու, եթե նոր Սահմանադրությունը սկսի գործել։

«Պարոն Պողոսյանին մեկ հարց ուղղեմ. արդյոք գործող Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ Ալեքսանդր Սարգսյանը, նույն ինքը Սաշիկը փայ է մտնում, և արդյոք փոխված Սահմանադրությամբ այլևս փայ չի մտնելո՞ւ։ Պարոն Մինասյան, ձեր գործընկեր և գաղափարական ընկեր Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում մի անգամ Հրայր Թովմասյանին ասաց «չ....խ», չեք համարո՞ւմ, որ «չ....խ»-ի գրած Սահմանադրությանը «կողմ» քվեարկելով դուք էլ եք «չ....խ»-անում»,- հարցրեց Հարությունյանը։

Սերժ Սարգսյանի եղբոր մասին հարցին Վարդան Պողոսյանը հրաժարվեց պատասխանել, ասելով, որ դա արժանապատվությունից ցածր է համարում։

Դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ Հրայր Թովմասյանի մասին հարցին այսպես արձագանքեց.- «Չեմ իջնի էդ մակարդակին... Մալխասյանցի բառարանում էդ նմանի վերաբերյալ էլ շատ բառեր կան, բայց չեն հնչեցվում։ Այլ՝ ավելի հետաքրքիր բառեր»։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունից Արշակ Մուսախանյանն էլ Արծվիկ Մինասյանին հիշեցրեց, որ Դաշնակցությունը միշտ բողոքել է ընտրակեղծիքներից, հարցրեց՝ ի՞նչ երաշխիք ունեն, որ այս հանրաքվեն չի կեղծվելու.- «Դուք էս անգամ ի՞նչ եք անելու, Հանրապետականի հետ խփելո՞ւ եք հանրաքվեի արդյունքները, թե՞ ունեք երաշխիքներ, որ ամեն դեպքում հանրաքվեն կանցնի կատարյալ մեխանիզմների միջոցով»։

«Ինչպես միշտ մենք փորձել ենք լինել օբյեկտիվ, շատ-շատերը հանձնաժողովներում անգամ ծախվելու պարագայում՝ մեր կուսակցական ներկայացուցիչները գոնե կարողացել են պահել այն արժանապատվությունը, որ հայ ընտրողը, հայ քաղաքացին ապահովել է»,- պատասխանեց Մինասյանը։

ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը «Այո»-ի ճակատին դիմեց՝ եթե ցանկանում են բարեփոխումներ, թող առանց կառավարման մոդելի փոփոխության դա անեն։ Դաշնակցական Արծվիկ Մինասյանը Զուրաբյանին պատմությունը հիշեցրեց, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի 95 թվականի՝ Սահմանադրությանը նվիրված ելույթը կարդաց և պնդեց, որ ոչինչ չի փոխվել՝ ընդդիմությունը բողոքում է, իշխանությունը՝ հակադարձում։

«Եվ ներկա իշխանություններից ազատվելու միակ օրինական, միաժամանակ ամենակարճ ճանապարհը Սահմանադրության ընդունումն ու նոր ընտրություններն են։ Հայաստանում իշխանությունը չպետք է և չի կարող փոխվել այլ կերպ, քան ընտրությունների միջոցով»,- Տեր-Պետրոսյանի 20-ամյա վաղեմության ելույթը ներկայացրեց Մինասյանը։

«Ինձ համար չափազանց հուզիչ տեսարան էր, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ոխերիմ հակառակորդները զբաղվում են տերպետրոսյանական ընթերցումներով»,- ասաց Զուրաբյանը։

Սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ սա կողմ և դեմ ուժերի մասնակցությամբ առաջին քննարկումն էր։ «Այո»-ի և «Ոչ»-ի ճակատում կարծիքների փոփոխություն չեղավ։

XS
SM
MD
LG