Մատչելիության հղումներ

Երևանը կարևորում է ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ բանակցությունների մանդատի տրամադրման վերաբերյալ։

Արտգործնախարարի հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Կարևորում ենք Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովին մանդատի տրամադրումը»:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հրապարակած հայտարարությունում Նալբանդյանը հույս է հայտնում, որ «բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան - Եվրոպական միություն փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը»։

Երեկ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրեց, որ Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին թույլատրել է նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսել։ Եվրամիության հաղորդագրության համաձայն՝ ակնկալվում է, որ բանակցությունները կմեկնարկեն մինչև տարեվերջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG