Մատչելիության հղումներ

Այսօր կհրապարակվի Boeing-777-ի ողբերգության մասին զեկույցը


Ուկրաինա - Boeing-777 օդանավի բեկորները, Գրաբովո, Դոնեցկի շրջան, 17-ը հուլիսի, 2014թ.

Ուկրաինա - Boeing-777 օդանավի բեկորները, Գրաբովո, Դոնեցկի շրջան, 17-ը հուլիսի, 2014թ.

Փաստաթղթում իրավական գնահատական չի լինի։

Նիդերլանդների փորձագետների թիմն այսօր հրապարակելու է 2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամից Կուալա Լումպուր MH17 չվերթը կատարող օդանավի կործանման հանգամանքների մասին երկար սպասված պաշտոնական զեկույցը։

Հիշեցնենք, որ օդանավի կործանման հետևանքով զոհվել է 298 մարդ` բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները։ Զոհերի երկու երրորդը Նիդերլանդների քաղաքացիներ են։

Ենթադրվում է, որ այսօր հրապարակվելիք զեկույցում չեն լինի վերջնական եզրահանգումներ ողբերգության համար պատասխանատվություն կրող կողմի մասին։ Դա առավելապես կլինի «տեխնիկական զեկույց»՝ զերծ իրավական գնահատականից։

Հոլանդացիները 15 ամիս քննում են ողբերգության հանգամանքները, անցած ինն ամիսների ընթացքում Նիդերլանդների օդագնացության անվտանգության վարչության մասնագետները մանրակրկիտ զննել են Գիլցե-Ռիենի օդային ռազմակայանի տարածք բերված բեկորները, ուսումնասիրել են փաստաթղթերը, կարողացել են նույնիսկ հնարավորինս «վերականգնել» Boeing-ի օդանավախցիկը և բիզնես-սալոնը։

Տեխնիկական զեկույցին կհաջորդի քրեական գործը քննող Հոլանդիայի դատախազության զեկույցը, որում արդեն կլինի անդրադարձ այս ողբերգության հետ կապված առավել քաղաքական հարցին` «ո՞վ է վայր գցել ինքնաթիռը»։ Այդ զեկույցը կհրապարակվի 2016 թվականին։

Ինչպես ենթադրվում է, այսօրվա զեկույցում հստակ կասվի, որ Boeing-ը վայր են գցել «Բուկ» տեսակի երկիր-երկինք հակաօդային հրթիռով, սակայն չի ասվի, թե ով է այն արձակել։

Փորձագետներին հետաքրքրում է նաև կարևոր մեկ այլ հարց` ինչո՞ւ են Boeing-ին թույլատրել անցնել Արևելյան Ուկրաինայի օդային տարածքով, երբ այդ շրջանում կար զինված հակամարտություն Ուկրաինայի բանակի և Մոսկվայի աջակցությամբ գործող ռուս անջատականների միջև։

«Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավի ողբերգությունից հետո ավիաընկերություններն իրենց օդաչուներին պարտադրել են անտեսել վառելիքը խնայելու հարցը և շրջանցել Դոնեցկի ու Լուգանսկի օդային տարածքը։

Զեկույցում կլինի քննադատություն Հոլանդիայի իշխանության հասցեին՝ այն բանի համար, որ պաշտոնական կառույցները աղետի զոհերի ազգականներին և բարեկամներին առաջին երկու օրը հստակ չեն ասել, որ օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են։

«Հանրությունը տեղեկություններ չէր ստացել առաջին օրերին»,- ասել է հոլանդացի օրենսդիր Պիետեր Օմտցիգը և ավելացրել. - «Մենք ուզում ենք իմանալ` ամերիկացիները Հոլանդիայի քննիչներին տրամադրե՞լ են «Բուկ» հրթիռի արձակումը վավերացրած արբանյակային լուսանկարներ։ Մենք չունենք այս հարցերի պատասխանները»։

Ենթադրվում է, որ ամերիկացիների, ռուսների և չինացիների հետախուզական կառույցներն այդ օրերին արբանյակների միջոցով հետևել են Արևելյան Ուկրաինայի օդային տարածքում տեղի ունեցող բոլոր զարգացումներին և, հետևաբար, կարող են ունենալ կարևոր փաստեր։

Այսօրվա դրությամբ, ամերիկացիներն ընդամենը հայտնել են, որ հրթիռն արձակվել է ռուս անջատականների հսկողության տակ գտնվող տարածքից։

Պիետեր Օմտցիգի կարծիքով, կամ ամերիկացիները չեն ցանկանում բացահայտել իրենց տիեզերական մոնիտորինգի կարողությունները, կամ չեն ցանկանում սրել աշխարհքաղաքական առճակատումը Ռուսաստանի հետ, կամ էլ ինչ-որ բան որոշել են միառժամանակ թաքցնել հօգուտ Ուկրաինայի։

Ըստ փորձագետների, այսօր առկա ապացույցները վկայում են, որ ռուսներն առնչություն ունեն օդանավի կործանմանը։

XS
SM
MD
LG