Մատչելիության հղումներ

Ալբանական ֆուտբոլի պատմական հաղթանակը. Թիմը ձեռք բերեց «Եվրո-2016»-ի ուղեգիր


Ալբանացի երկրպագուները օդանավակայանում սպասում են ֆուտբոլի ազգային հավաքականի վերադարձին Երևանից, Տիրանա, 12 հոկտեմբերի, 2015թ.

Ալբանացի երկրպագուները օդանավակայանում սպասում են ֆուտբոլի ազգային հավաքականի վերադարձին Երևանից, Տիրանա, 12 հոկտեմբերի, 2015թ.

Երևանյան խաղի արդյունքում «սև արծիվները» վաստակեցին «Եվրո-2016»-ի ուղեգիր։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մինչև վաղ առավոտ տոնախմբություն էր։ Ահել ու ջահել` հազարավոր մարդիկ լցվել են փողոցներ, պարզել պետական դրոշները, երգել ու պարել։

«Ալբանական ֆուտբոլի պատմական հաղթանակը» վերնագրի ներքո ռեպորտաժում ՈԻԵՖԱ-ի կայքէջի թղթակիցը գրել է, որ Ալբանիան երբևէ նախկինում չի ստացել միջազգային խոշոր մրցաշարում հանդես գալու իրավունք։

BBC-ին հաղորդում է, որ ալբանացիներն ընդամենը երկու անգամ են մասնակցել եվրոպական մրցաշարերին, այն էլ երիտասարդական թիմերի մակարդակով. 1982 թվականին այդ իրավունքը վաստակել են մինչև 18 տարեկանների, իսկ 1994-ին` մինչև 16 տարեկանների հավաքականները։

«Եվրո-2016»-ի ընտրական փուլում ալբանացիները հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել են պորտուգալացիներին, որոնց կազմում հանդես է գալիս ժամանակակից ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը` Կրիշտիանու Ռոնալդուն է։ Ալբանացիների հաղթանակը շատերն անվանել են պատահականություն։ Սեփական հարկի տակ Ալբանիան պարտվել է թե Պորտուգալիային, և թե «ոխերիմ հարևան» Սերբիային։

Ի դեպ, անցյալ տարվա հոկտեմբերին 14-ին Սերբիա-Ալբանիա հանդիպումը մնացել է անավարտ՝ մարզադաշտում ծագած անկարգությունների հետևանքով։

ՈԻԵՖԱ-ն սահմանել է, որ Ալբանիան պարտություն է կրել, բայց Սերբիան կզրկվի երեք միավորից։ Երկու երկրների ֆեդերացիաները բողոքարկել են վճիռը և հետագայում պարտվող է ճանաչվել Սերբիան, իսկ Ալբանիան վաստակել է երեք միավոր։

Ալբանիա-Հայաստան հանդիպումը ցույց տվեց, որ ալբանացիներն ունեն տեխնիկապես և ֆիզիկապես բավական պատրաստված մարզիկներ և ամենակարևորը` հաղթանակի հասնելու կամք։ Այս տարվա մարտի 29-ին Ալբանիայում Հայաստանի հավաքականն առաջինն էր գոլ խփել, բայց ալբանացիները ի վերջո հաղթել են 2-1 հաշվով։

Երևանում երեկվա հանդիպման մասին Ալբանիայի իտալացի մարզիչ Ջովանի Դե Բիասսին ասել է.- «Խաղի մեծ մասը գնդակին տիրապետում էին հայերը, բայց նրանք չկարողացան որևէ վտանգավոր գրոհ կազմակերպել։ Ես երջանիկ եմ Եվրո-2016-ի ուղեգիր վաստակելու համար։

Ճիշտն ասած, հաշիվը` 3-0, մեծ նշանակություն չունի, կարևորը հաղթանակն էր, որն ապահովում էր Ֆրանսիա մեկնելու իրավունք։ Հայերը վատ չէին խաղում, բայց մենք ավելի ուժեղ էինք»։

Կարելի է ենթադրել, որ հայկական թիմի «ոչ վատ խաղի» մասին իտալացու խոսքը ոչ ավելին էր, քան դիվանագիտական պարկեշտություն։

«Եվրո-2016 անցնելը պատմական նվաճում է։ Մենք չունենք գերաստղերի թիմ, բայց մեր թիմն ունի հավաքական ոգի»,- հայտարարել է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմանդո Դուկան։

Մարզիչ Դե Բիասսին խոստովանել է, որ սերբերի դեմ սկզբունքային նշանակություն ունեցող խաղում պարտվելուց հետո ալբանացի ֆուտբոլիստները շատ ընկճված էին։

«Բայց տղաները լավ խաղացին։ Սկզբում քչերն էին մեզ հավատում։ Սակայն մենք հասանք նպատակին, սա բոլորիս նվաճումն է, որը կերկարաձգվի, իսկ իմ պայմանագիրը մեխանիկորեն կերկարաձգվի»,- ասել է մարզիչն ու ժպիտով հավելել.- «Բայց գումարը պետք է փոխել»։

Նշենք, որ Ալբանիայում և միջազգային մամուլում այդ երկրի հավաքականն անվանում են «սև արծիվներ»։

«Երբ 12 տարի առաջ ես առաջին անգամ դաշտ դուրս եկա ազգային հավաքականի կազմում, ես չէի մտածում, որ այս օրը կգա, բայց մենք անվերջ ձգտում էինք հաջողության, վերջապես հասանք դրան, դա ապահովեց մեր կամքը և այս խաղացողների հրաշալի սերունդը»,- ասել է «սև արծիվների» ավագ Լորիկ Կանան։

Այս հաղթանակից հետո նա չէր կարող գոնե կեսկատակ կծու խոսք չասել չխոսել Սերբիայի թիմի հասցեին.- «Չնայած սերբերը մեզ հաղթել են, հիմա նրանք ստիպված կլինեն գարեջուր խմելով հեռուստացույց նայել և հետևել Ֆրանսիայում մեր խաղերին»։

I խմբում երրորդ տեղը գրաված Դանիայի հավաքականը լրացուցիչ խաղ կանցկացնի Ֆրանսիա մեկնելու ուղեգրի համար։ Լրացուցիչ խաղերի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ, հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի կեսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG