Մատչելիության հղումներ

ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Հայաստանի հետ նոր բանակցությունների համար մանդատ է տվել


Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին թույլատրել է նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսել։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ այս փաստաթութղը շատ կարևոր է Հայաստանի համար երկու պատճառով. մի կողմից՝ հնարավորություն կտա զարգացնել հարաբերությունները Բրյուսելի հետ՝ առանց խոչընդոտելու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) առջև ստանձնած պարտավորություններին, մյուս կողմից կընդգծի, որ Հայաստանը Եվրամիության համար իր ռազմավարական նշանակությունը չի կորցրել։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյան

«Այս մանդատը պաշտոնական կհաստատի, որ սկսվելու է բանակցային գործընթաց Հայաստան - Եվրամիություն հարբերությունների ապագան ավելի ճիշտ սահմանելու և արտահայտելու համար», - «Ազատության» հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց փորձագետը։

Քանի որ Հայաստանը Եվրամիության հետ ավելի քան երեք տարի բանակցություններ է վարել ու այդպես էլ չի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, Կիրակոսյանը ենթադրում է, որ այս անգամ բանակցությունները շատ ավելի կարճ կտևեն։

Փորձագետը ծանոթ է նաև բանակցային սեղանին դրված փաստաթղթի նախնական տարբերակին։ Ըստ Կիրակոսյանի, այն կունենա և՛ քաղաքական, և՛ տնտեսական բաղադրիչ։

«Տնտեսական մասով իրավիճակը հատկապես բարդ է. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պատճառով համագործակցության փոքր դաշտ է մնացել Եվրամիության հետ: Քաղաքական մասով, նոր փաստաթուղթը կկենտրոնանա ժողովրդավարության հարցերի վրա, հատկապես այս փուլում, երբ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթաց կա։ Կանդրադառնա օրենքի գերակայության, արդարադատության հարցերին, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, հակակոռուպցիոն ջանքերին, մարզերի զարգացմանը կամ Հայաստանի պարագայում, պետք է ասենք, մարզերի թերզարգացմանը», - ասաց Կիրակոսյանը։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի խոսքով եվրոպացի գործընկերները նաև կստիպեն, որ Հայաստանն ավելի հաշվետու լինի ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից։

«Բայց հաստատ հեշտ առաջադրանք չի լինի Հայաստանի կառավարության համար», - ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Այս պարտավորությունների կատարման դիմաց Եվրամիությունը Հայաստանին խոստանում է ոչ միայն ֆինանսական օժանդակություն, այլև արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու և արևմտյան ներդրողների համար առավել գրավիչ դառնալու ևս մեկ հնարավորություն։ Սակայն, ըստ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի, փաստաթուղթը Ասոցիացման համաձայնագրի ծավալն ու ուժը չի ունենա։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան

«Կարևոր է, որ այսօր հաղթում են տնտեսության օրենքները և տրամաբանությունը: Հայաստանը, մտնելով Եվրասիական տնտեսական միություն, գցեց իրեն թակարդի մեջ», - մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետը բացատրում է՝ ԵՏՄ-ի կոտրված տաշտակի առջև հայտնված Հայաստանը վերջին ամիսներին ինքն է մեծ եռանդով ցույց տալիս, թե որքան է շահագրգռված Եվրամիության հետ նոր պայմանգիր ունենալ․ - «Դա ոչ թե խաղ է ցույց տալու՝ ա՜յ, մենք Եվրոպայի հետ ենք մնում, այլ ուղղակի ճար չկա, պետք է ուզած-չուզած նորից գաս Եվրոպա: Ռուսաստանը ոչ փող է տալիս՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մենք ստանձնեցինք պարտավորություն՝ բան չստանալով: Դա լավ դաս էր, բայց, ցավոք, այդ դասը մենք սովորում ենք այդպիսի ծանր գնով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG