Մատչելիության հղումներ

Համերգներով Հայաստանում է Դանիայի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը


Անմար կրակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Անմար կրակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Համերգներն անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում։

Աշնանային այս օրերին լավագույն մշակութային ձեռնարկն իհարկե երկու օր առաջ տեղի ունեցած մեր մեծանուն հայրենակցի՝ Շառլ Ազնավուրի համերգն էր Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում։

Ազնավուրը մեկնեց, բայց այս օրերին Հայաստանում է և մինչև հոկտեմբերի 16-ը բացառիկ համերգներով հանդես է գալիս Դանիայի Թագավորության Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «ՄիդՎեստ» կոչվող աղջիկների երգչախումբը՝ Դորթե Բիլի ղեկավարությամբ։

Համերգները, սկսած հոկտեմբերի 10-ից, անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում և նվիրվում են դանիացի միսիոներներ, հայ ժողովրդի մեծագույն բարեկամներ Մարիա Յակոբսենի և Քարեն Եփփեի հիշատակին։ Հենց այս քաջարի, անչափ գթասիրտ դանիացիների շնորհիվ հազարավոր հայ որբուկներ են փրկվել և կարողացել ապրել ու արարել, շարունակել իրենց կյանքի ուղին եվրոպական մի շարք երկրներում։

Դանիայից ժամանած աղջիկների երգչախումբը հանդես կգա ոչ միայն մայրաքաղաքում՝ «Կոմիտասի» անվան երաժշտության տանը, այլև Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանի միջազգային դպրոցում և Ծաղկունքում։ Համերգային ծրագրում ընդգրկված են ոչ միայն դասական, հոգևոր, ժամանակակից ստեղծագործություններ՝ արևմտաեվրոպական հեղինակների, այլև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Ամեն տարի աշնանային այս օրերին նշվում է նաև Թարգմանչած տոնը, որի ընթացքում մեր գրողներից մի քանիսը պարգևատրվում են Գրողների միության սահմանած «Կանթեղ» թարգմանչական մրցանակով։

Իսկ առաջիկա օրերին՝ հոկտեմբերի 14-18-ը Հայաստանն իր առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտում գրքի հանրահայտ միջազգային ցուցահանդես-տոնավաճառին։ Միայն հայկական տաղավարում 300 անուն գիրք է ցուցադրվելու, որոնք հրատարակվել են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում՝ պետական պատվերով և աջակցությամբ։

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավարը հոկտեմբերի 16-ին կներկայացնի Հայոց ցեղասպանությանը նվիրված գերմանալեզու գրքեր, տեղի կունենան նաև այդ գրքերի շնորհանդեսները, կներկայացվեն հետևյալ գրքերը, որոնց խորագրերն արդեն իսկ չափազանց խոսուն են՝ Միհրան Դաբաղի, Քրիստին Փլաթի «Կորուստ և կտակ. հիշում են ցեղասպանության վերապրածները», Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին Պապական գաղտնի արխիվի չհրապարակված փաստաթղթերով», Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման մեջ», և այլ ուշագրավ գերմանալեզու գրքեր։ Գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանից կմասնակցեն մի շարք հրատարակչությունների և գրական կազմակերպությունների ղեկավարներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG