Մատչելիության հղումներ

Սաֆարյան. Թուրքիան հասկացնում է, որ ռուսական զինուժին հասցվելիք հարվածը կլինի Կովկասում


Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Ըստ քաղաքագետի, սա բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծում Հայաստանի համար։

Երևույթը տեղի է ունեցել ռուս - թուրքական հարաբերությունների լարվածության շատ հետաքրքիր պահի, և թերևս կարելի է ասել, որ սա ուղղակի պատասխան գործողություն է Թուրքիայի կողմից։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով օրերս թուրքական ռազմական ուղղաթիռների՝ Հայաստանի օդային սահմանը հատելու դեպքին։

Հիշեցնենք, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում պնդել էր, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4 րոպե տևողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Մովսիսյանի փոխանցմամբ, Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքական կողմից փորձել է ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք և ինչ նպատակով են հատել սահմանը։ Հայկական կողմի հարցմանն ի պատասխան, Անկարայի կարգավարը պնդել է, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են «եղանակային վատ պայմանների պատճառով»:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ակնկալել, թե Թուրքիան կասեր, որ միտումնավոր է խախտել սահմանը, հնարավոր չէ։ «Թուրքիան, կարծեք թե, դրանով հասկացնում է, որ ռուսական զինուժին հասցվելիք հարվածը կլինի ոչ թե Մերձավոր Արևելքում, այլ Կովկասում։ Սա, իհարկե, բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծում Հայաստանի համար։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով ոչ թե Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի սերը, որը բացարձակապես գոյություն չունի, այլ նկատի ունենալով Կովկասի կարևորությունը Ռուսաստանի համար՝ թերևս Ռուսաստանը թույլ չի տա, որքան էլ Թուրքիան նման ուղերձներ փոխանակի», - ասաց Սաֆարյանը։

Ըստ քաղաքագետի, Ռուսաստանը չի պատասխանում Թուրքիային, որովհետև չի ցանկանում ճակատ բացել, հատկապես երբ ուղղաթիռները շատ արագ շրջադարձ են կատարել և դուրս եկել Հայաստանի օդային տարածքից։

«Բայց անգամ չպատասխանելը, հակաօդային պաշտպանության համակարգերով դրանց չհակադարձելը կամ դրանք չոչնչացնելը թերևս ոչ պակաս չափով բխում է Ռուսաստանի շահերից։ Ցանկացած պահի Ռուսաստանը կարող է ոչնչացնել այդ ուղղաթիռները, պարզապես դա չի անում երկրորդ ճակատ չբացելու համար, առավել ևս, որ լարվածությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև բավականին բարձր է Սիրիայում տեղի ունեցողի պատճառով, և, բնականաբար, դա ևս մեկ անգամ արդարացնում է հայ հասարակության շրջանում ռուսական ռազմաբազայի տեղադրվածությունը Հայաստանում», - ասաց Սաֆարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG