Մատչելիության հղումներ

ԵՄ-Հայաստան բանակցությունների մանդատը կարող է հաստատվել հաջորդ շաբաթ


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Եվրամիության արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում արդեն մանդատ կտան՝ Եվրամիության ու Հայաստանի միջև նոր համաձայնագրի շուրջ պաշտոնապես բանակցություններ սկսելու համար:

«Մենք սպասում ենք, որ հաջորդ շաբաթ Եվրոպական միությունը կհաստատի մանդատը իր բանակցային թիմի համար՝ բանակցություններ սկսելու Հայաստանի հետ նոր իրավական հենք ստեղծելու մեր հարաբերությունների՝ Հայաստանի և Եվրամիության միջև», - այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի կազմակերպության համաժողովի փակմանը:

Այս մասին խոսել է նաև Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, ով Երևանում էր՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության արտգործնախարարների համաժողովի շրջանակում։ Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան նշել է, որ բանակցություններից հետո կնքվելիք նոր փաստաթուղթը Հայաստանին հնարավորություն կտա համագործակցել Եվրամիության հետ մի ձևաչափով, որը չի խոչընդոտի Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։

Հարլեմ Դեզիրը Հայաստանի նախագահի և արտգործնախարի հետ հանդիպումներից բացի զրույցներ է ունեցել գործարարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի։ Վերջինիս խոսքով՝ Դեզիրը շատ հետաքրքրված է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացման գործընթացով՝ ավելի քան 3 տարի բանակցված Ասոցիացման համաձայնագրի ձախողումից հետո։

Դեզիրի այցը Հայաստան ցույց է տալիս, որ Ֆրանսիան կարևորում է Հայաստանի ռազմավարական նշանակությունը, ասաց քաղաքագետ Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ ֆրանսիացի պաշտոնյան հետաքրքրված էր նաև Հայաստանում ընթացող ներքին գործընթացներով, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններով։

«Սահմանադրական բարեփոխումների գործընթացին անդրադառնալիս՝ ֆրանսիացի նախարարը նկատեց, որ սա հնարավորություն է Հայաստանի համար հանրաքվեն ծառայեցնելու երկու նպատակի. առաջինը՝ որպես Հայաստանի ժողովրդավարական համակարգի ստուգատես, այլ կերպ ասած՝ հանրաքվեն պետք է համապատասխանի շատ ավելի բարձր ժողովրդավարական նշաձողի, քան նախորդ ընտրություններն էին, և երկրորդ՝ եթե անցում կատարվի խորհրդարանական համակարգի, սա պետք է օգտագործվի որպես հնարավորություն՝ բարելավելու հայաստանյան քաղաքական կուսակցությունները», - մանրամասնեց Ռիչարդ Կիրակոսյանը:

XS
SM
MD
LG