Մատչելիության հղումներ

logo-print

Բելառուսում նախագահական ընտրություններ են, Լուկաշենկոն սպառնում է ընդդիմությանը


Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում, որոնց արդյունքում ամենայն հավանականությամբ հաղթանակ կտանի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կեսօրին արդեն քվեարկել էր ընտրողների 51.2 տոկոսը։ Բելառուսի Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցել է ընտրողների 50 տոկոսից ավելին։

Ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունները ճնշումներ են գործադրել քաղծառայողների, հիվանդանոցներում բուժվող հիվանդների, ուսանողների նկատմամբ։

Իր հերթին՝ Բելառուսի նախագահը սպառնացել է. - «Մենք որևէ մեկին թույլ չենք տա ապակայունացնել իրավիճակը»։

Հոկտեմբերի 10-ին ընդդիմությունը չարտոնված հանրահավաք էր կազմակերպել Մինսկում՝ ժողովրդին կոչ անելով բոյկոտել ընտրությունները։

Լուկաշենկոն, ով Բելառուսի ղեկավարն է արդեն 21 տարի, վաստակել է «Եվրոպայի վերջին դիկտատորի» կոչումը՝ ընդդիմության, քաղաքացիական հասարակության և մամուլի նկատմամբ իր ճնշումների և երկարամյա կառավարման համար։

Բելառուսում անցկացված նախորդ նախագահական ընտրություններից հետո ոստիկանությունը ուժ կիրառեց ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ և կալանավորեց ընդդիմադիր առաջնորդներին, ովքեր բողոքարկում էին Լուկաշենկոյի հաղթանակը։ Ի պատասխան՝ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Բելառուսի 201 քաղաքացիների և 18 ընկերությունների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG