Մատչելիության հղումներ

Մեկնարկեցին «Էրեբունի-Երևան»-ի տոնական միջոցառումները


Տեսարան «Էրեբունի-Երևան» տոնակատարությունից, 2014թ․

Տեսարան «Էրեբունի-Երևան» տոնակատարությունից, 2014թ․

Միջոցառումների ծախսերը սահմանի կարիքներին ուղղելու նախաձեռնության հեղինակները սահմանամերձ գյուղերին օգնելու՝ իրենց նպատակից չեն հրաժարվում և անակնկալ ունեն:

Երկու օր շարունակ Երևանի քաղաքային իշխանությունները 130 միլիոն դրամի շրջանակներում կնշեն մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձը:

Ընդհանուր առմամբ 34 միջոցառումների մեծ մասը տեղի կունենա վաղը, իսկ արդեն այսօրվանից մեր թվարկությանը նախորդած շրջանում հիմնված ուրարտական Էրեբունի ամրոցի շրջակայքում ազգային երաժշտություն էր հնչում և հայկական ճաշատեսակներ էին մատուցվում, գովերգվում էր «Երևան դարձած Էրեբունին»:

Սակայն, մայրաքաղաքի տոնը նշելով հանդերձ, երևանցիները «Ազատության» հետ զրույցներում ափսոսանք էին հայտնում, որ հնամյա քաղաքի պատմությունը վկայակոչող հետքեր այսօր գրեթե չեն մնացել:

«Չեն թույլ տալիս, որ ինչ-որ բան վկայի, որ հին քաղաք ենք, ինչքան հին ու գեղեցիկ շինություններ ունեինք, որոնք կարող էին ապացուցել դա, չկան արդեն, որովհետև դրանց տեղը անիմաստ շինություններ են կառուցել», «նոր ժամանակներ են գալիս, երևի պիտի նոր պահանջներ լրացնեն, բայց հինն էլ պետք է պահպանել, շատ հաճելի կլինի», «ոչինչ չի պահպանվում, ոչինչ չկա, որ ես ասեմ, որ այ սա հին տեղն է, հին շենքն է․․․», «էն ինչ հիմա կա, իսկի 200 տարվա հնության մասին չի վկայում, ուր մնաց 3000 տարվա»,- ասում են երևանցիները:

Լուսանկարիչ Հայկ Բիյանջյանը հասցրել է տեսախցիկով հավերժացնել մայրաքաղաքի այլևս գոյություն չունեցող տասնյակ կառույցներ: Ցավով է նշում, որ հին Երևանի պատմությունն այսօր այլևս պահոցներում է:

«Տոնն ինձ համար միայն նշելով չի, տոնն իրական կյանքում պետք է լինի, եթե հիմա զբոսաշրջիկը հարցնի՝ ո՞ւր է ձեր 2797 տարեկան քաղաքը, մենք հաստատ դա չենք կարող ցույց տալ»,- ասում է լուսանկարիչը:

Նրա համար անընդունելի է, որ այս տոնի համար միլիոններ են ծախսվում համայնքային բյուջեից: Ըստ Բիյանջյանի, ճիշտ կլիներ, որ այդ գումարն ուղղվեր, ասենք՝ պատմամշակութային կառույցների վերականգնմանը:

Վերջին օրերին էլ մի շարք քաղաքացիներ ստորագրահավաք էին նախաձեռնել, Երևանի քաղաքապետարանին հորդորելով «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարության համար ծախսվելիք գումարն ուղղել սահմանամերձ գյուղերի կարիքներին: Քաղաքապետարանը, սակայն, հակադարձել էր՝ բարեգործական հիմնարկ չեն, և տոնակատարության համար նախատեսված գումարները չեն կարող օգտագործել Երևանից դուրս:

Չնայած դրան, ստորագրահավաքի հեղինակները սահմանամերձ գյուղերին օգնելու իրենց նախաձեռնությունից չեն հրաժարվում: Երևանցի ակտիվիստներն իրենց սեփական անակնկալը կմատուցեն սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչներին:

«Փողերը ծախսվել ա, ամեն ինչ իրենց համար վառ ու գեղեցիկ ա, ես այսօր ամբողջ օրը շրջել եմ քաղաքում ու դրոշներից բացի ոչ մի տոնական տրամադրություն չեմ զգացել: Պատրաստվում ենք վաղը գնալ սահմանամերձ Ոսկեվան գուղ, որտեղ կանցկացվի սպորտային միջոցառում տեղի և Բաղանիսի երեխաների մասնակցությամբ»,- ասաց ակտիվիստ Լևոն Զաքարյանը:

XS
SM
MD
LG