Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հաստատեց հանրաքվեի ժամանակացույցը


ԿԸՀ-ն հաստատեց հանրաքվեի ժամանակացույցը, 10-ը հոկտեմբերի, 2015թ․

ԿԸՀ-ն հաստատեց հանրաքվեի ժամանակացույցը, 10-ը հոկտեմբերի, 2015թ․

Ըստ դրա, քարոզարշավը կարելի է իրականացնել արդեն այսօրվանից, սակայն, հեռուստատեսությամբ և ռադիոյով եթերաժամանակ կտրամադրվի ավելի ուշ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում հաստատեց սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը։

Հաստատված ժամանակացույցի համաձայն, քարոզարշավը կարելի է իրականացնել արդեն այսօրվանից, սակայն, հեռուստատեսությամբ և ռադիոյով վճարովի ու անվճար եթերաժամանակ կտրամադրվի ավելի ուշ։ Մինչ այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, խորհրդարանի խումբ-խմբակցությունները կարող են քարոզչության այլ ձևեր օգտագործել։

«Քարոզարշավը միայն չի սահմանափակվում կոնկրետ հեռուստատեսությամբ այն իրականացնելով։ Քարոզարշավը ունի շատ ավելի լայն դրսևորումներ, ընտրողների հետ հանդիպումներ, տարբեր միջոցառումներ։ Բնական է՝ այսօրվանից, երբ մեկնարկում է գործընթացը, մասնակիցները, այն սուբյեկտները, որոնք ամրագրված են հանրաքվեի մասին օրենքով, իրավունք ունեն այդ գործողությունները իրականացնելու»,- պարզաբանեց Մուկուչյանը:

Ըստ ԿԸՀ-ի նախագահի, առաջիկայում կորոշակիացվի ընտրողների թիվը, որից հետո կձևավորվեն ընտրական տեղամասերը։ «Ազատության» հարցին` արդյոք հանրաքվեին հրավիրվելո՞ւ են միջազգային դիտորդներ, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ օրենքը նման հնարավորություն ընձեռում է։

Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն երեկ «Ազատության» հետ հարցազրույցում նշել էր, որ Հայաստանում նախկինում անցկացվել են ընտրություններ, որոնք չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

Այսօր ԿԸՀ-ի նախագահը պնդեց, որ իրենց կողմից կազմակերպված բոլոր ընտրությունները եղել են օրենքներին համապատասխան: «Մեր մոտեցումը մեկն է՝ ինչպես և նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունները, որոնք կազմակերպվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, այնպես էլ այս հանրաքվեն կազմակերպվելու և անցկացվելու է Ընտրական օրենսգրքի և Հանրաքվեի մասին օրենքի պահանջներին լիակատար համապատասխան»,- հավաստիացրեց Մուկուչյանը։

Ըստ օրենքի, հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։

XS
SM
MD
LG