Մատչելիության հղումներ

Հանքարդյունաբերության «տակ ընկած» գյուղացիները շահագործողի խոստումներին չեն հավատում


Թեղուտցիները պատմում են իրենց խնդիրների մասին
Թեղուտցիները պատմում են իրենց խնդիրների մասին

Շնողի գյուղապետն ուշագրավ համեմատություն է անում՝ «այգու մի քմ-ի դիմաց 36 դրամ են տվել, 3 լուցկու արժեքով հող են վերցրել, ինձ տվեցին 550 հազար դրամ, ծիծաղելի թիվ»:

Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները հանքարդյունաբերող ընկերությունից դեռ 10 տարի առաջ լավ կյանքի մասին բազմաթիվ խոստումներ են լսել, բայց այսօր դրանցից քչերն են իրականություն դարձել։

«Հազար բան ասին, ո՞րն եղավ։ Կամ ո՞նց պտի ըլներ։ Ոչ մի բան էլ չդառավ, ոչ մի բան», «Ուրիշ տեղից մարդ են բերում ընդունում, Թեղուտից, Շնողից կրճատում են անում»,- «Ազատության» հետ զրույցում բողոքեցին գյուղացիները։

Թաթուլ Շախկյանն ունի վարորդական բոլոր կարգերը: Թվարկում է իր տիրապետած բազմաթիվ արհեստներն ու ասում, որ «Թեղուտ» ընկերության կողմից շահագործվող հանքավայրում ընդամենը որպես պահակ է աշխատում։

«Ուրիշն ըշխատումա...դրսից բերում են ըշխատացնում, մեզ՝ չէ։ Էդա գեղի բողոքը։ Թեղուտեցիք չեն ըշխատում։ Ասում են՝ թեղուտեցիք չեն կարա շոֆերություն անեն, ուրիշը»,- ասում է Թաթուլը։

Նրա երկու որդիներն էլ են աշխատում ընկերությունում, բայց՝ ավելի ցածր վարձատրությամբ։ Ստիպված են ընտանիքը պահելու համար ձեռքն այլ գործերի էլ գցել, նոր եկամտի աղբյուրներ հայթայթել։

«Գյուղի կարծիքն եմ ասում։ Դե մարդ կա՝ վախում ա ասի, ես վախելու ոչ մի բան չունեմ։ Ճիշտ ա, ըտիան աշխատող եմ, բայց ճիշտն եմ ասում։ Թեղուտեցին օդը շնչում ա՝ թույնը, թեղուտեցին ամեն ինչում պասիվ ա մնում, բայց ուրիշ տեղիցը գալիս են լավ աշխատանքը վերունում։ Այսինքն՝ պտի լավ քեռի ունենաս, լավ հրողբեր ունենաս, վերևը մարդ ունենաս էլի, ամենաքիչը՝ մարզպետ»,- շարունակում է Թաթուլ Շախկյանը։

Ֆրունզե Նորեկյանը երեք տարի առաջ է Թեղուտի գյուղապետ ընտրվել։ Մինչ այդ հանքավայրում է աշխատել, որպես հորատման վարպետ։ Գոհ է, ասում է՝ գյուղում գրեթե բոլոր ընտանիքներում աշխատող կա։ «Կարելի ա ասել՝ եթե «Թեղուտ» ՓԲԸ-ն չլիներ, շատ դժվար կլիներ մեր գյուղի ապրելակերպը»։

«Թեղուտ» ընկերությունը հանքարդյունաբերության նպատակով նաև հարևան Շնողի հողատարածքներն է օգտագործել: Ժամանակին այս գյուղում 350 ընտանիք զրկվել է եկամտի աղբյուրից։ Հանքարդյունաբերության նպատակով նրանց սեփական հողատարածքները «գերակա շահ» են ճանաչել և չնչին փոխհատուցման դիմաց վերցրել։ Շնողցի Գուրգենը փորձել է պայքարել իր սեփականության համար, բայց արդյունքի չի հասել։

«Հողը չէի տալիս։ Իրանք դատ արին, առանց ինձ։ Էս 4 տարի ա՝ էդ փողը բանկում ա, չեմ գնում վերունեմ»,- պատմում է Գուրգենը։

Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանն էլ 1 հա խնձորի այգուց է զրկվել։ Մինչ օրս չի հաշտվում։ «Երկրագնդի վրա տենց գին գոյություն ունի՞, մի քմ-ն՝ 36 դրամ, 3 լուցկու արժեքով հող են վերցրել։ Ինձ տվեցին 550 հազար դրամ։ Ծիծաղելի թիվ։ Սրանք էն ժամանակ շատ անարդար են վարվել»,- ասում է գյուղապետը։

Համայնքի հողերի մեծ մասը հանքարդյունաբերությանը հանձնած գյուղացիներից մոտ 250-ը ընկերությունում է աշխատում։ Գյուղապետը դժգոհում է՝ հաճախ են դրսից մարդ բերում՝ անգործ թողնելով տեղացիներին։

«Ինձ անձամբ, որպես համայնքապետ, այդ 253 մարդու աշխատանք ունենալը չի բավարարում, և անընդհատ «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ եմ այդ հարցով։ Իրենք չգիտես ինչի դրսից շատ հաճախ մարդիկ են ներգրավում էդ աշխատանքներում, որի անհրաժեշտությունը կարծում եմ, որ չկա»։

Մինչդեռ, «Թեղուտ» ընկերության տվյալներով, հոկտեմբերի 1-ի դրությամբ, ընկերության 1300 աշխատողների մոտ մեկ երրորդը այս երկու գյուղերի բնակիչներն են։ Դա երկու գյուղերի բնակչության ընդհանուր թվի մոտ 10 տոկոսն է։ «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան, ընկերությունից հաղորդեցին, որ նպատակ ունեն ոչ միայն այս երկու համայնքներում, այլև հանրապետության մյուս բնակավայրերում նպաստել գործազրկության վերացմանը։

Այս գյուղերում խոստացել են առաջիկայում ընկերությունում աշխատող տեղացիների թիվն ավելացնել։ Շնողի գյուղապետն այս խոստումների մասին բազմիցս է լսել, ասում է` քանի դեռ աշխատանքի այլընտրանք չունեն, ստիպված են հավատալ ու սպասել։ «Օրենքն իրանց ձեռին ա, ոնց ուզում են, նենց էլ անում են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG