Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսական հրթիռները ենթադրաբար վայր են ընկել Իրանի տարածքում


Ռուսաստանը Կասպից ծովից հրթիռներ է արձակում Սիրիայի ուղղությամբ, ծաղրանկար, հեղինակ՝ Գունդուզ Աղաև

Ռուսաստանը Կասպից ծովից հրթիռներ է արձակում Սիրիայի ուղղությամբ, ծաղրանկար, հեղինակ՝ Գունդուզ Աղաև

Ռուսաստանը հերքում է այդ տեղեկությունը։

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ, Կասպից ծովում գտնվող ռուսական մարտանավերից հոկտեմբերի 7-ին Սիրիայի ուղղությամբ արձակված 26 թևավոր հրթիռներից 4-ը թիրախին չեն հասել և ընկել են Իրանի տարածքում։ Այս պահին չկան տեղեկություններ տուժածների և հնարավոր ավերածությունների մասին։

Ռուսաստանը և Իրանը հերքել են լուրը։ Դրան հեգնանքով է արձագանքել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան։

«Նոր կարդացի CNN-ի հաղորդագրությունն այն մասին, որ մեր հրթիռներն, իբր, ընկել են Իրանում։ Հետաքրքիր է, դա անզոր չարությունի՞ց է»,- ֆեյսբուքյան իր էջում այսօր առավոտյան գրել է Զախարովան։

Եվ այնուամենայնիվ, ամերիկացիները չեն հրաժարվում իրենց հետախուզության հայտնած լուրից։ Այդ մասին այսօր Լոնդոնում խոսել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը։

«Իրանի տարածքում ռուսական թևավոր հրթիռների վայր ընկնելու մասին կարող եմ հայտնել, որ այո՛, մենք ունենք դա հաստատող որոշ ազդակներ։ Եթե դա տեղի է ունեցել, ապա հնարավոր է ենթադրել, որ հրթիռների անսարքություն էր, իսկապես մեր ունեցած տեղեկությունից ավելի չեմ կարող հայտնել»,- ասել է Քարթերը։

Ռուսները «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակել Կասպից ծովից։ Դրանք անցել են Իրանի և Իրաքի օդային տարածքով և հասել Սիրիա։

Ըստ ռուսական աղբյուրների, «Կալիբր» հրթիռներն առաջին անգամ են կիրառվել իրական մարտական պայմաններում։ Հրթիռներն արձակվել են «Դագեստան», «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ» և «Վելիկի Ուստյուգ» նավերից։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 8-ին նախագահ, գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցելիս հավաստիացրել է, որ հրթիռները ոչնչացրել են բոլոր ընտրված թիրախները և քաղաքացիական շինություններին վնաս չեն հասցրել։ Նախագահը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար։

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ռուսների ռազմական միջամտությունը միայն սրում է վիճակը։

Մինչդեռ սիրիացի զինվորականները ողջունում են ռուսների գործողությունը։ Սիրիայի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ալի Այուբն ասել է, որ ռուսական հարվածներն էապես թուլացրել են «Իսլամական պետություն» անվամբ ահաբեկչական կազմավորման դիրքերը, ինչից հետո բանակը կարողացել է հարձակում սկսել և հետ գրավել մի շարք ավաններ ու գյուղեր։

Մոսկվան հերքում է Արևմուտքի այն պնդումը, թե ռուսների հիմնական թիրախը ոչ այնքան «Իսլամական պետությունն» է, որքան նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող այսպես կոչված «չափավոր ընդդիմությունը»։

Այսօր այդ թեմային է անդրադարձել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Նրա փոխանցմամբ, ռուսների միջամտությունից հետո իրավիճակն է՛լ ավելի է սրվել, բայց, միևնույն է, հարկ է շարունակել լուծումների որոնումը։

Շտայնմայերի համոզմամբ, բանակցային գործընթացում անպայման պետք է ներգրավվեն արաբ գործընկերները, Ամերիկան, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Թիրախը պետք է լինի «Իսլամական պետություն» կառույցի ոչնչացումը, սակայն միայն զենքով հարցը չի կարգավորվի։

«Խաղաղությունը Սիրիայում կհաստատվի միայն այն դեպքում, եթե իրականացվի նաև քաղաքական գործընթաց»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը։

Մինչդեռ, Ամերիկայի պաշտպանության նախարարը Լոնդոնում վերստին խոսել է դաշինքի միասնության անհրաժեշտության մասին։

«ՆԱՏՕ-ի արևելքից հարավ մենք պետք է միասնական լինենք Ռուսաստանի հետագա ագրեսիան դիմագրավելու համար՝ լինի դա Ուկրաինայում վիճակի ապակայունացումը, թե Թուրքիայի ուղղությամբ ՆԱՏՕ-ի օդային սահմանների խախտումները»,- ասել է Քարթերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG