Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական կոնսոլիդացիա տեսնում է


Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիո

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիո

Հեղինակավոր հանձնաժողովի նախագահը վկայակոչում է խորհրդարանի քվեարկության պատկերը:

Վենետիկի հանձնաժողովում համոզված են, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների շուրջ կա քաղաքական կոնսոլիդացիա:

Հեղինակավոր հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն «Ազատության» հետ զրույցում վկայակոչում էր շաբաթասկզբին խորհրդարանի քվեարկության պատկերը․ - «Եթե ես լավ տեղեկացված եմ, փոփոխությունների նախագիծն ընդունվել է շատ կարևոր մեծամասնությամբ` 104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ: Սա նշանակում է, որ քաղաքական հատվածի մեծամասնությունը այս փոփոխությունների նախագծին կողմ է»:

Դիտարկմանը, թե հայաստանյան ընդդիմությունը փաստաթղթի բովանդակությունից ավելի կարևորում է քաղաքական այն միջավայրը, որում կյանքի են կոչվում այս փոփոխությունները, Վենետիկի հանձնաժողովի իտալացի ղեկավարն ընդունեց, որ առանձնահատուկ մթնոլորտ այստեղ կա:

«Իհարկե, կա հատուկ քաղաքական իրավիճակ Հայաստանում, բայց սա այսպես է եղել 2000-2001 թվականներից ի վեր, երբ մենք համագործակցել ենք դեռ առաջին սահմանադրական բարեփոխումների շուրջ»,- ասում է Ջիանի Բուքիքիոն՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի օրոք նախաձեռնված փոփոխությունները, երբ ընդդիմությունը դժգոհում էր կիսանախագահական համակարգից:

«Սակայն ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական մշակույթը պետք է աճի, զարգանա, որպեսզի հնարավոր լինի ունենալ ավելի հավասարակշռված մոտեցում մեծամասնության ու ընդդիմության միջև: Նպատակը` հայ ժողովրդի բարիքը: Կարծում եմ, որ այս վերջին զգալի փոփոխությամբ՝ Հայաստանի համար նոր Սահմանադրությամբ, մեկ քայլ առաջ է արվում: Այժմ վերջնական ասելիքը հայ ժողովրդինն է», - ասում է նա:

Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի հեղինակած փաստաթղթին դրական եզրակացություն տված Վենետիկի հանձնաժողովը չի երաշխավորում, որ փոփոխությունների ընդունումից հետո Հայաստանում տեղի կունենան ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ:

«Սա կրկին քաղաքական մշակույթի խնդիր է: Դժբախտաբար դուք նախկինում ունեցել եք ընտրություններ, որոնք չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: Հուսով եմ, որ այս անգամ ու հետայսու Հայաստանում ընտրությունները լինելու են ազատ, արդար ու միջազգային չափանիշներին լիովին համապատասխան», - ասում է Ջիանի Բուքիքիոն:

Ջիանի Բուքիքիոն շեշտում է, որ արդար քվեարկությունը Հայաստանի իշխանությունների և ժողովրդի խնդիրն է․ - «Սահմանադրությունն ապահովում է ընդհանուր շրջանակը, կլինի Ընտրական օրենսգիրք, որը կհստակեցնի շատ կանոններ, բայց այնուհետև ամեն ինչ պետք է կյանքի կոչվի: Դուք կարող եք ունենալ լավ ընտրություններ նույնիսկ ընտրական օրենսգրքով, որը այդքան էլ լավը չէ, ու կարող եք ունենալ վատ ընտրություններ մի օրենսգրքով, որ լավն է»:

Թեև վերջին փոփոխություններով տեքստը Վենետիկի հանձնաժողովը քննելու է երկու շաբաթից՝ հաջորդ նստաշրջանում, այսօր արդեն հանձնաժողովի ղեկավարը վստահեցնում է, որ իրենց նկատառումների մեծ մասը հայաստանյան մասնագիտական խումբն ընդունել է, այդ թվում՝ վերացնելով մտահոգությունը կայուն մեծամասնություն երաշխավորող աղմկահարույց դրույթի վերաբերյալ:

«Սա մեկ այլ ընտրություն է, որ Հայաստանի Ազգային ժողովը և հասարակությունը պետք է անի: Մենք ասել ենք, թե կողմնակից չենք, որ ընտրական կանոնները ամրագրվեն Սահմանադրությամբ, որովհետև ընտրական օրենքները պետք է ձևափոխվեն հասարակության պահանջներից և ազատ ու արդար ընտրությունների հարցում առաջընթացից ելնելով: Այժմ այս փոփոխությունների նախագծում կան միայն ընդհանուր դրույթներ, իսկ մնացածը կնախատեսվի Ընտրական օրենսգրքով: Սահմանադրության մեջ, եթե չեմ սխալվում, գրված է, որ կլինի մեկ փուլ, ու կարող է լինել ևս մեկը` քաղաքական կայունության համար, բայց սա պետք է հստակեցվի Ընտրական օրենսգրքով», - ասում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:

Նույն թեմայով

XS
SM
MD
LG