Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես միացավ «Ոչ»-ի ճակատին


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցում է «Ազատության» հետ, սեպտեմբեր, 2015թ․

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցում է «Ազատության» հետ, սեպտեմբեր, 2015թ․

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «2013 թվականի նախագահական ընտրություններում փաստացի և՝ իրավամբ նախագահ ընտրված» Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր «պաշտոնական իր ձայնն ավելացրեց չընտրված թեկնածուի առաջարկած նոր Սահմանադրության դեմ արտահայտվող միլիոնավոր հայաստանցիների և հայերի համաժողովրդական վերաբերմունքին», փոխանցում է «Ժառանգության» լրատվական ծառայությունը:

«Դատապարտելով մեր ժողովրդին և նրա արժանապատվությանն ուղղված` Մայր օրենքի այս մարտնչող հեգնանքն ու կամայականությունը, ինչպես նաև հավատ տածելով «Միացյալ օրակարգ-միացյալ հրապարակ» հրամայական բանաձևի հանդեպ, Հովհաննիսյանն իր հիմնադրած բոլոր հանրակարգերի միջոցները դրեց ազատ, ինքնիշխան և սահմանադրական Հայաստանի կերտմանը նվիրված ուժերի, առաջին հերթին` «Նոր Հայաստան» փրկության ճակատի, ապաև «Չե՛ք անցկացնի» երիտասարդական նախաձեռնության տրամադրության տակ», - ասված է ընդդիմադիր կուսակցության հաղորդագրությունում:

«Միմիայն միավորված ուժերով և անշահախնդիր, հետևողական պայքարով կարելի է ըստ էության մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու սույն ապօրինի, ինքնահավան և փակ-բաժնետիրական բնույթի ձեռնարկը: Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան », - հայտարարել է Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը նաև հետգրություն է հասցեագրել, ենթադրաբար, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին․ - «Վարդան ջան, մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց խիստ ցավոք, քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ և ոչ ամենևին՝ քո բարձր պարկեշտությանը հարիր: Կներեք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG