Մատչելիության հղումներ

Bellingcat. «Մալայզիական օդանավը խփել են ռուսական հրթիռով»


Քարտեզ և լուսանկարներ Bellingcat վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցից

Քարտեզ և լուսանկարներ Bellingcat վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցից

Համացանցում տեղադրվող տեղեկատվության վերլուծությամբ զբաղվող Bellingcat բրիտանական կենտրոնը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ անցյալ տարվա հուլիսի 17-ին Դոնեցկի օդային տարածքում կործանված «Բոինգ»-ը վայր են գցել «Բուկ» տեսակի երկիր-երկինք հրթիռով։

MH17 Ամստերդամ - Կուալա Լումպուր չվերթը կատարող օդանավի կործանման հետևանքով սպանվել է 298 մարդ` բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները։

Bellingcat կենտրոնի զեկույցում նշվում է ուղին, որով «Բուկ»-ը Ռուսաստանից բերվել է Ուկրաինա։ Ըստ վերլուծաբանների, կայանքը 2014 թվականի հունիսին դուրս են հանել Կուրսկի շրջանից և օդանավը վայր գցելու օրը հասցրել Դոնեցկի շրջանի Սնիժնոյե գյուղ։

Հաջորդ օրն այդ կայանքը, որն ունի չորս հրթիռ, նկատել են Ուկրաինայի Լուգանսկի շրջանի և Ռուսաստանի սահմանին` Դոնի Ռոստովի մոտակայքում, ընդ որում՝ կայանքի վրա միայն երեք հրթիռով։

Bellingcat-ի հիմնադիր և տնօրեն Էլիոթ Հիգինսի փոխանցմամբ, միանգամայն տրամաբանական է ենթադրել, որ ռուսները կայանքը փոխանցել են ռուս անջատականներին, ովքեր և վայր են գցել մալայզիական օդանավը։

«Մենք վերլուծել ենք անցած 18 ամիսների ընթացքում համացանցում հանրային օգտագործման ներկայացված բոլոր նյութերը և հանգել հստակ եզրակացության. ռուս զինվորականներն են տրամադրել հրթիռը, որն արձակել են Սնիժնոյե գյուղին հարող տարածքից և ոչնչացրել MH17-ը, մենք կարողացել ենք բացահայտել զորամիավորումը, որտեղից դուրս էր բերվել կայանքը՝ դա 53-րդ բրիգադն է», - ասել է Հիգինսը։

Bellingcat-ի զեկույցը հակասում է 2014 թվականի հուլիսի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ասուլիսում հրապարակված այն հայտարարությանը, թե MH17 չվերթը կատարող օդանավը վայր է գցել կա՛մ ուկրաինական ռազմական օդանավը, կա՛մ «Բուկ» համակարգ ունեցող ուկրաինական որևէ ստորաբաժանում։

Bellingcat-ի վերլուծաբանները պնդում են, որ փորձելով թաքցնել ճշմարտությունը՝ ռուսական կողմը կեղծել է բազում տեսագրություններ, լուսանկարներ, ռադարների տվյալներ։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության և «Բուկ» համակարգն արտադրող «Ալմազ-Անտեյ» գործարանի ներկայացրած վարկածները լավագույն դեպքում թյուրիմացություն են, իսկ վատագույն դեպքում փաստերը միտումնավոր աղավաղելու փորձ», - ասվում է վերլուծական կենտրոնի զեկույցում։

«Ամենակարևորը, որ հիմա ուզում ենք պարզել, այն է, թե ով է հրթիռը փոխանցելու համար պատասխանատվություն կրում 53-րդ բրիգադում։ Մենք ունենք որոշակի տեղեկատվություն, սակայն չենք ցանկանում հրապարակել, քանի որ այն կարող է ուղղակիորեն առնչվել օդանավը վայր գցելու մեջ ներքաշված անձանց, մենք չենք ուզում նրանց ընձեռել թաքնվելու և մեր հետազոտության մասին տեղյակ լինելու հնարավորություն», - ասել է Էլիոթ Հիգինսը։

Նիդերլանդների պատկան ծառայությունները MH17 չվերթի ողբերգության վերաբերյալ պաշտոնական զեկույցը հրապարակելու են այս տարվա հոկտեմբերի 13-ին։

XS
SM
MD
LG