Մատչելիության հղումներ

Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատողները պահանջում են 2 ամսվա աշխատավարձը


Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատողները պահանջում են իրենց աշխատավարձը, 8-ը Սեպտեմբերի, 2015թ․

Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատողները պահանջում են իրենց աշխատավարձը, 8-ը Սեպտեմբերի, 2015թ․

Բանվորները մտահոգված են, որ «ֆինանսական խնդիրներ ունեցող և ձեռքից ձեռք անցնող գործարանի» ղեկավարությունը հետագայում անաշխատանք կթողնի իրենց:

Բեռնատար մեքենաներն այսօր ժամեր շարունակ չէին կարողանում ցեմենտով բարձվելու նպատակով մոտենալ Հրազդանի ցեմենտի գործարանին: Հարյուրավոր աշխատողներ վաղ առավոտից փակել էին ճանապարհը` պահանջելով վճարել երկու ամսվա աշխատավարձը։

«Եթե ցեմենտը տանում վաճառում են, ինչու՞ մեր գումարը չեն տալիս»,- հարց էին տալիս նրանք։ Ժամավճարով աշխատող և միջինը՝ 50-60 հազար դրամ աշխատավարձ ստացող բանվորները պատմում էին, որ դա իրենց միակ եկամուտն է, և թեկուզ մեկ օր սպասել չեն կարող։

«Տնօրենը մեզ կարգադրում ա՝ աշխատեք, բայց հիմի մենք ո՞նց աշխատենք, դրսից կոտորում են, ներսի չինովնիկը մյուս կողմից ա կոտորում: Էս խեղճ ու կրակ, տառապած, տանջված, արևի տակ կոտորված ժողովրդին չի կարելի, վերջիվերջո: Հայ ազգը էսի ա, երեք հոգի չինովնիկը չի հայ ազգը, որ ոչ մեկի վեջին չի, եթե մարդը բանվոր ա, ցածր մարդ չի, նա բարձր արժանիքներ ունեցող մարդ ա»։

«Ես էթամ աշխատեմ՝ գամ խնդրեմ, որ իմ աշխատավարձը տան, արդեն ամաչում ենք, էլ չենք կարում»։ «Կոտորվում ենք, սոված կոտորվում ենք ուղղակի, հեսա լրիվ կանգնած են, որ ասում են չի վաճառվում, լավ էլ վաճառվում ա, ես էլ 36 տարվա ստաժ ունեմ էս գործարանում»,- բողոքում էին գործարանի աշխատողները:

Նրանք լսել են՝ մի քանի անգամ վերավաճառված գործարանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և այսօր տնօրենից երաշխքիներ էին պահանջում, որ հետագայում անաշխատանք չեն մնալու։ Տնօրենի փոխարեն աշխատողների հետ հանդիպեց գործարանում ներդրումներ կատարած «Ջի ՍԻ» ընկերության ներկայացուցիչ Կոլյա Խաչատուրովը։ «Խելոք մարդիկ ենք լսի, չա-չա-չա-չա անելով չի, տենանք ինչ ենք խոսացել, հետո ասենք հա ու չէ»:

Ներդրող ընկերության ներկայացուցիչն ասաց, որ մի քանի օրից հստակ կտեղեկացնի, թե երբ է գումար լինելու։ Բանվորներից շատերը, սակայն, թերահավատ էին։ Ասում էին՝ նման խոստումներ նախկինում էլ են լսել։

«Այ երբ որ ջեբներս փող մտավ, այ էն ժամանակ կհավատանք: Մենք էսօր չգիտենք գործարանը ինչի ա վատ վիճակում, դրա համար կան հատուկ մարդիկ, ովքեր աշխատավարձ են ստանում, բարձր պաշտոն են զբաղեցնում, թող իրանք մտածեն, դա իմ աշխատանքը չի, իմ աշխատանքը արտադրություն տալն ա, մենք արտադրությունը տվել ենք։ Կոպեկներով եկել գնացել ենք, ձմեռն էսքան մարդ սովամահ ա լինելու։ Մարդիկ էս գործարանի հույսին են և աշխատելու գարանտիա պետք ա տան»,- ասում էին բանվորները։

Վերջիններս դեպի գործարան տանող ճանապարհը թեև բացեցին, սակայն նշեցին, որ թույլ չեն տալու ցեմենտը դուրս տանել այնքան ժամանակ, քանի դեռ աշխատավարձ չեն ստացել:

Գործարանն արդեն երկու ամիս է՝ վերանորոգման պատճառով չի աշխատում։ Տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն ու «ՋԻ ՍԻ»-ի ներկայացուցիչը չցանկացան պատասխանել «Ազատության» հարցերին՝ ի՞նչ խնդիրներ ունի գործարանն ու ինչու՞ չի կարողանում վճարել աշխատավարձերը:

XS
SM
MD
LG