Մատչելիության հղումներ

Հայրիկյանը նախագահին կոչ է անում կասեցնել իր «անառողջ նախաձեռնությունը»


Պարույր Հայրիկյանը Բաղրամյան 26-ի դիմաց, արխիվ

Պարույր Հայրիկյանը Բաղրամյան 26-ի դիմաց, արխիվ

ԱԻՄ առաջնորդը նաև գլխավոր դատախազից պահանջում է պատասխանատվության ենթարկել ինքն իրեն։

«Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր Բաղրամյան 26-ի դիմաց վերջնագիր-ուղերձ ընթերցեց՝ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջելով հանրաքվեի չդնել իր իսկ նախաձեռնած և խորհրդարանի հավանությանն արժանացած սահմանադրական փոփոխությունները:

«Այսպիսի պատմական առիթ մարդ արարածին իր կյանքի ընթացքում կարող է հազվադեպ տրվել։ Հիմա Դուք եք որոշելու, թե այս անառողջ նախաձեռնությունը իր հակասահմանադրական, հետևաբար հանցավոր գործելակերպով զարգացում ապրի, թե կասեցվի»,- իր ուղերձը ընթերցեց Հայրիկյանը։

Սահմանադրական բարեփոխումներին ընդդիմացող Հայրիկյանը հանրաքվեի չեղարկումից բացի նախագահից պահանջում է անվավեր չանաճել նախագիծն ու հաշվի նստել ընդդիմադիրների առաջարկությունների, այդ թվում՝ ԱԻՄ-ի այլընտրանքային տարբերակի հետ։

«Այս ուղերձը ոչ թե նամակ է, մի քանի միամիտներ ասում են՝ բայց ինքը կլսի՞ քո ասածը, լսի, թե չլսի, սա պատմական ուղարձ է։ Սա այնպիսի իրողություն է, որ հավասարազոր է նրան՝ դու մեկին ասես՝ լսիր, այնտեղ, ուր դու գնում ես, աղբանոց է, ինքը չլսի, գնա աղբանոց։ Ի վերջո դու չես տուժելու դրանից, ինքն է հայտնվելու աղբանոցում։ Իմ պարտքն է, որ իմ որևէ հայրենակից չհայտնվի իրավագիտական աղբանոցում, առավելս ևս հանրապետություն ներկայացնող անձը»,- ասաց Հայրիկյանը։

Մայր օրենքի փոփոխության հարցով սա Հայրիկյանի արդեն երրորդ ուղերձն էր նախագահին։ ԱԻՄ առաջնորդը Սերժ Սարգսյանին նախազգուշացնում է՝ այս անգամ էլ չարձագանքելու դեպքում կդիմի դատախազություն.- «Երեկ մի լավ բարեկամ մի փոքր միամտությամբ ասում է՝ բա չգիտե՞ք, որ նախագահը անձեռնմխելի է։ Նախագահը անձեռնմխելի է մինչև ինչ-որ աստիճան»։

Նախագահին նախազգուշացնող ուղերձից հետո Հայրիկյանն նաև Գլխավոր դատախազություն հասավ՝ պահանջելով գլխավոր դատախազից քրեական պատասխանատվության ենթարկել բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին, այդ թվում՝ ինքն իրեն։ Հայրիկլյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը չի լսել ԱԻՄ-ի առաջարկները և հրաժարվել է հանդիպումից։

«Պատրաստ եմ ներկայացնել ողջ գրագրությունը, կենսագրությունները, մամուլի հրապարակումները։ Հարգանքներով՝ Պարույր Հայրիկյան, ԱԻՄ առաջնորդ»,- վստահեցրեց նա։

Պարուր Հայրիկյանն այսօր միայն իր կուսակիցներով էր փողոց դուրս եկել, թեև սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարում ԱԻՄ-ը միավորվել է «Հանրային փրկության ճակատի» և «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հետ։

«Եթե կողքից նման աշխատանք է կատարվում, ապա մենք ողջունում ենք, մենք նույնպս նման աշխատանք կատարում ենք։ Բայց մենք կարծում ենք, որ հիմնական շեշտը դա չպետք է լինի»,- ասաց «Չե՛ք անցկացնի»-ի անդամ Արմեն Գրիգորյանը։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումները կարելի է տապալել միայն փողոցային պայքարով։ Ակտիվիստները հաջորդ շաբաթվանից կայցելեն մարզեր՝ իրազեկելու հոկտեմբերի 30-ի երևանյան հանրահավաքի մասին։

«Կփորձենք տեղի ակտիվ խմբերի հետ հանդիպումներ կազմակերպել, քննարկել սահմանադրական փոփոխությունները, ներկայացնել մեր մոտեցումները»,- ասաց Գրիգորյանը։

XS
SM
MD
LG