Մատչելիության հղումներ

Ավագանին կայացրեց բնակարանների հատկացման որոշումը


Քվեարկություն Երևանի ավագանու նիստում, 8-ը հոկտեմբերի 2015թ․

Քվեարկություն Երևանի ավագանու նիստում, 8-ը հոկտեմբերի 2015թ․

Քննարկումների ժամանակ առարկություններ հնչեցրին միայն Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները, արժանանալով ավագանու հանրապետական անդամների բուռն հակազդեցությանը:

Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր ձայների մեծամասնությամբ որոշում կայացվեց ավելի քան 90 քմ տարածքով բնակարաններ նվիրել դերասանուհի Զառա Արամյանին, բանաստեղծ Վահրամ Սահակյանին, երգիչ Դավիթ Ամալյանին ու օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին:

Ավագանու նույն որոշմամբ, բնակարաններ հատկացվեցին նաև ​երեք տասնյակ ազատամարտիկների ընտանիքների, համաձայն՝ պաշտպանության նախարարության ներկայացրած ցուցակի:

Քննարկման ժամանակ հատկապես ակտիվ էին ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության անդամները: Ստյոպա Սաֆարյանը, մասնավորապես, պահանջում էր հրապարակավ պատասխանել հարցին՝ նշված արվեստագետներից բացի ո՞վ է դիմել քաղաքային իշխանություններին՝ բնակարան ստանալու խնդրանքով, և ինչու քաղաքապետի ընտրությունը կանգ առավ հատկապես Արամյանի, Սահակյանի և Ամալյանի վրա: Նույն խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը պնդեց՝ շատ ավելի կարիքավոր մարդիկ կան, Անահիտ Բախշյանն էլ կոնկրետ օրինակներ բերեց․

«Պարոն Մարգարյան, ինձ կոնկրետ մի դերասանուհի, սցենարիստ, ասմունքող, դասախոս, որը շատ վատ պայմաններում է ապրում և ունի հաշմանդամ երեխա, ասում է՝ ես հերթագրված եմ, բայց էդպես էլ իմ հերթը չի հասնում, լրագրող Մարիետա Մակարյանը, 9 հոգով ապրում են 20 քմ սենյակում, ոչ մի կերպ հերթը չի հասնում»:

Դավիթ Սանասարյան․ «Վահրամ Սահակյանը կարողանում է բնակարան վարձել, բայց ես շատերին գիտեմ, ովքեր դրա հնարավորությունն էլ չունեն: Բացի այդ, ես դեմ եմ քվեարկելու նրա համար, որ Վահրամ Սահակյանը շատ անընդունելի քաղաքացիական կեցվածք ունի, դեռ մի հատ էլ մատ էր թափ տվել, թե՝ ով փորձի էս թեման շահարկի․․․»:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սաֆարյանին, Բախշյանին ու Սանասարյանին կոչ արեց տեսախցիկ տեսնելիս սրտները չբացել: Ասաց՝ թույլ չի տա, որ քաղաքապետարանի կատարած լավ գործերն անտեսվեն:

«Իմ դաստիարակությունը թույլ է տալիս, որ ես լինեմ հարգալից իմ բոլոր գործընկերների հետ, թե՛ իմ դեմ խոսողների, թե՛ իմ դեմ արշավ կազմակերպողների, մենք եկել ենք քաղաքը կառուցելու, մեր քաղաքացու կողքը լինելու, մեր քաղաքացու մատից փուշ քաշելու, ոչ թե եկել ենք էստեղ ելույթ ունենանք, մեր ընտրողներին ուրախացնենք, կամ ասենք՝ տեսեք, ձեռ դարդից էինք խոսում»,- ասաց քաղաքապետը:

Ընդդիմության քննադատությունն ակնհայտորեն դուր չեկավ նաև ավագանու այլ ՀՀԿ-ական անդամների: Դերասան Հրանտ Թոխատյանի համար անհասկանալի է` ինչու՞ է քաղաքապետի բարեգործություն այսքան քննարկվում: Արձագանքելով «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունն ավելի համեստ անցկացնելու կոչերին, նա ասաց՝ «ճոխ ծախսեր պետք է անեն՝ չուզողների աչքն էլ հանեն»:

Ավագանու հանրապետական անդամ Նաիրա Նահապետյանն անգամ նկատողություն արեց Ստյոպա Սաֆարյանին, թե չսխալվելու համար «պետք է ուշադիր լսել քաղաքապետին», իսկ նրա կուսակից, ճարտարապետ Լևոն Իգիթյանն էլ առաջարկեց սահմանափակել ընդդիմադիրներին տրվող ելույթների ժամանակը:

XS
SM
MD
LG